Իրան

Իտալիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության իրավիճակը

2 րոպեի ընթերցում

Իտալիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության իրավիճակը

Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտնել է, որ իր իրանցի պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հորմուզի նեղուցում նավագնացության իրավիճակը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X հարթակում Տայանին գրել է, որ Թեհրանին կոչ է արել կառուցողականորեն լուծել ճգնաժամը և վերականգնել դրական հարաբերությունները Պարսից ծոցի հարևան երկրների հետ։

«Չափազանց կարևոր է հնարավորինս շուտ հասնել հրադադարի շուրջ համաձայնության, որը կերաշխավորի Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգ վերսկսումը և կհաստատի Իրանի միջուկային ծրագրի բացառապես քաղաքացիական բնույթը», - նշել է Տայանին։

Նա նաև ընդգծել է Լիբանանում հրադադարի պահպանման անհրաժեշտությունը՝ բոլոր կողմերին կոչ անելով կոնկրետ պարտավորություններ ստանձնել կայուն և ընդհանուր խաղաղություն հաստատման համար։

«Իտալիան պատրաստ է ակտիվորեն աջակցելու երկխոսությանը և կայունության ամրապնդմանը Լիբանանում և ամբողջ տարածաշրջանում», - եզրափակել է Իտալիայի ԱԳ նախարարը։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված երկշաբաթյա հրադադարի ժամկետի լրանալուց առաջ՝ ապրիլի 22-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հրադադարը երկարաձգելու մասին՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը կշարունակվի։ Իրանն իր հերթին փակ է պահում Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան ամերիկյան ծովային շրջափակման։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում