Ապրիլի 24-ին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են
2 րոպեի ընթերցում

Ապրիլի 24-ին ընդառաջ Երևանում ընթանում են լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, որոնք քաղաքային իշխանությունների մշտական վերահսկողության ներքո են։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
Նրա խոսքով՝ արդեն իրականացվել են կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների շուրջ 90 տոկոսը։ Ընթացքի մեջ են արտաքին լուսավորության վերականգնման և բարեկարգման աշխատանքները՝ ներառյալ լուսատուների փոխարինումն ու համակարգային վերահսկողությունը։
«Բարեկարգման աշխատանքներ են իրականացվել մայթերին, արահետներին և ճանապարհներին։ Նախատեսվում է նաև երեք օր շարունակ կազմակերպել 24-ժամյա աղբահանություն։ Ապրիլի 23-26-ը կիրականացվեն հիմնական կազմակերպչական աշխատանքները, մշակված է համապատասխան սխեման։ Արդեն իրականացվել են տարածքի ձևավորման աշխատանքները, իսկ ապրիլի 22-ի երեկոյան այն պատրաստ կլինի։ Վերջնական փուլում կիրականացվեն ծաղկապատման աշխատանքներ և կտեղադրվեն ձայնային սարքավորումներ»,-նշեց Արեյանը:
Քաղաքապետի խորհրդականը ավելացրեց, որ հաջորդիվ նախատեսվում է ապահովել տարածքի մաքրությունը, կարգաբերել ցայտաղբյուրներն ու սանհանգույցները, ինչպես նաև կազմակերպել տրանսպորտային սպասարկումը։ Նախատեսվում է ուղևորների անվճար տեղափոխում Բրազիլիայի հրապարակից, որի երթուղիների սխեման շուտով կհրապարակվի։
«Բացի այդ, կիրականացվեն համապատասխան աշխատանքներ մետրոպոլիտենում, կկարգավորվի առևտուրը, կապահովվի կարգուկանոնն ու կարգապահությունը, ինչպես նաև ծաղիկների վաճառքը՝ ստորգետնյա անցումներում»,-նշեց նա:
Արեյանն ընդգծեց, որ նշված բոլոր միջոցառումները ամենամյա պարտականություններ են և իրականացվում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անմիջական վերահսկողության ներքո։