Իտալիան երկու ականորս նավ է պատրաստել հակամարտության ավարտից հետո Հորմուզի նեղուց ուղարկելու համար
2 րոպեի ընթերցում

Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն հայտնել է, որ դեռևս 20 օր առաջ կարգադրել է պատրաստել երկու մասնագիտացված հակաականային նավ Հորմուզի նեղուց ուղարկելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Corriere della Sera թերթի հետ հարցազրույցում նա նշել է, որ դրանց գործարկումը հնարավոր կլինի միայն Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակամարտության ավարտից հետո և ազգային խորհրդարանի կողմից առաքելության համապատասխան հաստատման դեպքում։
«Իտալիան ունի աշխարհի լավագույն ռազմածովային նավատորմերից մեկը, և մենք կարող ենք ականորս նավեր տրամադրել: 20 օր առաջ ես կարգադրել եմ պատրաստել երկու նավ: Բայց դրանք ուղարկելու համար անհրաժեշտ է ռազմական գործողությունների դադարեցում, որովհետև ոչ ոք չի ցանկանում պատերազմի մեջ մտնել», - ասել է նախարարը։
Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը կկարողանա մուտք գործել Հորմուզի նեղուց միայն զինադադարից հետո՝ մարտական գործողությունների գոտում չհայտնվելու համար:
«Նաև Իտալիայի կառավարությունը պետք է քվեարկություն անցկացնի խորհրդարանում, ինչը մեզ համար անհրաժեշտ, պարտադիր և հիմնարար քայլ է», - պարզաբանել է նախարարը։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը լայնածավալ գործողություն են սկսել Իրանի դեմ: Ապրիլի 8-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա փոխադարձ հրադադար է հաստատվել: Ապրիլի 11-ին կողմերն Իսլամաբադում բանակցություններ են անցկացրել, սակայն համաձայնության հասնել չի հաջողվել։ Միացյալ Նահանգներն ապրիլի 13-ին սկսել է Իրանի ծովային շրջափակումը:
Կողմերը, հնարավոր է, Իսլամաբադում նոր բանակցություններ անցկացնեն ապրիլի 21-ին։