Հայաստանն Ադրբեջանի հետ չի քննարկում փախստականների վերադարձի հարցը․ ՔՊ խմբակցության պատգամավոր
2 րոպեի ընթերցում
Հայաստանի դիրքորոշումը եղել և մնում է այն, որ փախստականների տեղաշարժի վերաբերյալ Ադրբեջանի հետ համաձայնություն միջպետական մակարդակում չի լինելու։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ։
«Դեռևս խաղաղության պայմանագրի քննարկման ժամանակ, երբ բաց չէր տեքստը և բանակցություններ էին ընթանում, հայտարարել էինք և հիմա էլ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ որևէ տիպի փախստականների տեղաշարժի վերաբերյալ համաձայնություն միջպետական մակարդակում չի լինելու»,-նշել է պատգամավորը՝ ընդգծելով, որ ՀՀ-ն չի քննարկում, և խաղաղության պայմանագրում չկա վերադարձի հարց։
Նրա խոսքով՝ անհատ քաղաքացիների առումով էլ ազատ տեղաշարժի հնարավորության դեպքում որևէ տեղում մնալու վերաբերյալ անհատական որոշումներ կայացնելը կլինի այդ պահի իրավակարգավորումների ու իրավահարաբերությունների հարց։
Անդրադառնալով Ղարաբաղից տեղահանված անձանց վերադարձի հարցին՝ Ղազարյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը նրանց առաջարկել է աջակցության ծրագրեր, առաջարկել է դառնալ ՀՀ քաղաքացիներ և օգտվել բոլոր իրավունքներից, մինչդեռ քաղաքական բոլոր այն ուժերը, որոնք խոստանում են իշխանության գալու դեպքում վերադարձի պայմաններ ստեղծել, պատգամավորի բնորոշմամբ, մանիպուլացնում են՝ թույլ չտալով, որ նրանք տնավորվեն Հայաստանում։