ՃՇՀԱՀ-ի ուսանողները Սյունիքի մարզում ՏԿԵ նախարարի ուղեկցությամբ ծանոթացան Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարական աշխատանքներին
5 րոպեի ընթերցում
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) 80 ուսանողներ և վարչական 20 աշխատողներ այցելեցին Հյուսիս-հարավ մայրուղու մի քանի հատվածներ, որտեղ ընթանում են շինարարական զգալի աշխատանքներ։ Բուհի ներկայացուցիչներին ուղեկցում էին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնավորապես Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր երկարությամբ կառուցվող ճանապարհահատվածում շինարարությունն ընթանում է արագ տեմպերով։ Շարունակվում են արդեն իսկ հորատված երկու թունելների բետոնապատման, հենապատերի, կամուրջների, արհեստական կառուցվածքների, ապագա մայրուղու հողային պաստառի կառուցման աշխատանքները։
Առաջին կանգառը 530 մետր երկարությամբ թունելում էր։ Դավիթ Խուդաթյանն ու Եղիազար Վարդանյանը բուհի պատվիրակությանը ներկայացրին շինաշխատանքների ընթացքն ու առանձնահատկությունները։
ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը նշեց, որ իրենց նպատակն է ուսանողներին ծանոթացնել ՀՀ ամենամեծ շինհրապարակին, որտեղ նրանք կարող են ականատես լինել պրակտիկ շինաշխատանքներին և տեղում յուրացնել մասնագիտական գիտելիքները։
«Մեր ուսանողների այցն այստեղ կազմակերպվել է առաջին անգամ։ Միջոցառումն ինքնին կարևոր է և Հայաստանի տնտեսության զարգացման համար իրոք կենսական մեծ նշանակություն ունեցող ուղի է»,- ասաց Բարսեղյանը։
Բուհի պատվիրակությունը զրուցեց նաև իրանական «Արիան» ընկերության ներկայացուցիչ, աշխատանքների կառավարիչ Մոհամմադ Թորբաթի հետ, որն ավելի մանրամասն ներկայացրեց աշխատանքների ընթացքը։
«Այժմ այստեղ ընթանում են ջրամեկուսացման աշխատանքներ։ Գրունտային ջրերը հավաքվում են գեոմանզվածքի մեջ, այնուհետև կազմակերպված ձևով հոսում դեպի նախապես տեղադրված երկայնական խողովակների մեջ, որոնց միջոցով էլ ապահովվում է թունելի ամբողջական ջրամեկուսացումը։ Իրականացվում է նաև ցանցապատում, որից հետո տորկրետ բետոնով ամբողջությամբ ամրացվում են պատերի գրունտային մասերը։ Ջրամեկուսացման աշխատանքների ավարտից հետո արդեն կսկսվի երեսարկի հիմնական բետոնացումը։ Կաղապարամածը մեխանիկական եղանակով շարժվում է առաջ՝ ավարտին հասցնելով վերջնական երեսարկը։ Իսկ հատակի հիմքի վրա տեղադրվելու է ասֆալտբետոնե շերտ։ Դրանով հիմքի, կողային և վերևի մասերի երեսարկի բետոնացման մասը կավարտվի և կսկսվեն երթևեկելի մասի կառուցվածքային շերտերի տեղադրման աշխատանքները»,-ասաց Թորբաթը։
Նա հավելեց, որ թունելում նախատեսված են նաև տեխնիկական խոռոչներ, որպեսզի անսարքություն ունեցող մեքենաներն այդտեղ կայանեն և երթևեկությանը չխանգարեն։ Երկկողմանի խոռոչներ կլինեն յուրաքանչյուր 200 մետրից հետո։
Կարճ թունելներն ունեն միայն ջրահեռացման և հակահրդեհային համակարգեր, իսկ մեծ թունելներում նախատեսված են նաև անվտանգային հատուկ համակարգեր՝ վթարային ելքերով, որպեսզի հնարավոր լինի մարդկանց տարհանել։ Մասնավորապես Քաջարանի թունելում հատակի տակ լինելու են առանձին տարածքներ, որտեղով մարդիկ անհրաժեշտության դեպքում կտարհանվեն։
ՃՇՀԱՀ-ի պատվիրակությունն այնուհետև այցելեց այն հատվածը, որտեղ կառուցվում է 720 մետր երկարությամբ կամուրջը։ Այնտեղ արդեն տեղադրվել են բետոնապատ մետաղական կոնստրուկցիաներով հենասյուները։ Կամուրջն ունենալու է 12 միջանկյալ հենարաններ և 2 ապային հենարաններ, 11 մետր լայնությամբ երթևեկելի մաս և 1,5-ական մետր լայնությամբ մայթեր։ Կամուրջի ամենաբարձր մասը կազմելու է 35 մետր։ Շինաշխատանքների կեսն արդեն ավարտված է։ Ութ ամիս հետո նախատեսվում է կամուրջը հանձնել շահագործման։
ՃՇՀԱՀ-ի ուսխորհրդի նախագահ Կառլեն Քաշանյանը նշեց, որ ուսանողների համար շատ կարևոր է անմիջականորեն հետևել շինհրապարակներում կատարվող աշխատանքներին, և իրենք անչափ տպավորված են տեսածով։
«Իսկապես իրականացվում են մեծածավալ աշխատանքներ։ Մի բան է, երբ Հյուսիս-հարավի մասին կարդում ենք լսարանում, դիտում լուսանկարներ ու տեսանյութեր, բոլորովին այլ բան, երբ աշխատանքներին ծանոթանում ես տեղում։ Հաշվի առնելով մեր մասնագիտության բնույթը՝ պետք է ասել, որ ուսանողների համար բավարար չէ միայն լսարանային պայմաններում ստացվող կրթությունը։ Առանցքային դեր ունեն հենց պրակտիկ գիտելիքները՝ հետագայում լավ մասնագետ դառնալու համար։ Նման միջոցառումները պետք է կազմակերպվեն հաճախակի»,- ասաց Քաշանյանը։