Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմը՝ չորս անվանակարգի հաղթող. հայտնի են «Անահիտ» մրցանակի դափնեկիրները

10 րոպեի ընթերցում

Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին, մրցանակներ հանձնվեցին 12 անվանակարգում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտրությունը կատարվել էր 2024-2025 թվականներին արտադրված ֆիլմերից։

Երիտասարդ ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» կինոնկարը հաղթող ճանաչվեց չորս անվանակարգում՝ «Լավագույն սցենար», «Կնոջ լավագույն դերակատարում», «Լավագույն ռեժիսորական աշխատանք» և «Լավագույն խաղարկային ֆիլմ»։

«Լավագույն սցենար» անվանակարգում մրցանակը ստանալիս նա նշեց, որ «Արտոյի երկիրը» ֆիլմի սցենարը գրել են շուրջ տասը տարի։ «Սկզբում  ֆիլմի շուրջ մի մարդ էր աշխատում, հետո՝ երկու, հետո՝ երեք և այդպես շարունակ։ Սա իմ առաջին խաղարկային կինոնկարն է։ Երբ վավերագրական կինոյից ես գալիս խաղարկային կինո, շեշտում են, որ դոկումենտալիստ ես, ինչի համար ես հպարտ եմ, բայց ինձ համար խաղարկային կինոն ուրիշ պատմություն է, ուրիշ ելևէջ ու աշխարհ է։ Շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին, ֆրանսիացի սցենարիստներին, որոնց բերել եմ Հայաստան, և շրջել ենք ամբողջ երկրով, Լեռնային  Ղարաբաղով։ Ըստ  իս՝ շատ հետաքրքիր է, երբ կարողանում ես օտարին ընդգրկել նման նախագծում»,-ասաց նա։

«Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում մրցանակը հանձնեց շոումեն Գարիկ Մարտիրոսյանը։ «Կինոարվեստում կա մի մասնագիտություն, որը մարդուն թույլ է տալիս մեկ օրվա ընթացքում ապրել մի ամբողջ կյանք. սիրել, ատել, պայքարել, հաղթահարել ու հաղթել և երեկոյան վերադառնալ տուն։ Դա դերասանուհի լինելու ծանր և շատ նուրբ արվեստն է։ Այս անվանակարգում ներկայացված կանայք հավանաբար աշխարհի ամենախիզախ, ամենաուժեղ կանայք են, քանի որ չեն վախենում լինել տարբեր ու ապրել ուրիշների կյանքերն ինչպես իրենց սեփականը՝ շատ ազնիվ ու անկեղծ»,-ասաց Մարիտիրոսյանը։

Մրցանակը «Արտոյի երկիրը» ֆիլմում դերակատարման համար տրվեց ֆրանսիացի դերասանուհի Կամիլ Կոտենին։ Նա ներկա չէր մրցանակաբաշխությանը, քանի որ նկարահանումների է արտերկրում։ Թամարա Ստեփանյանն ընթերցեց Կոտենի նամակը. «Շատ ուրախ եմ մրցանակի համար։ Շատ հաճելի էր, որ Թամարան առաջարկեց նկարահանվել իր ֆիլմում։ Դու հրաշք ես, իմ Թամարա։ Նա անչափ սիրում է իր երկիրը՝ Հայաստանը, իսկ ֆիլմը կարծես սիրո խոստովանություն լինի իր հայրենիքին։ Նա կարողացավ ֆիլմի միջոցով ներկայացնել իր Հայաստանն ամբողջ աշխարհին։ Ինձ համար մեծ պատիվ էր մարմնավորել Սելինին, լինել հանդիսատեսի աչքերն ու ճանապարհորդել Հայաստանում, բացահայտել ձեր գեղեցիկ երկիրն ու գեղեցիկ մարդկանց։ Շնորհակալություն»։

«Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում էլ մրցանակը հանձնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա շնորհակալություն հայտնեց Հայկական ազգային կինոակադեմիային՝ գեղեցիկ միջոցառման կազմակերպման համար և միջոցառման ռեժիսոր Ռուբեն Ջաղինյանին, որի պարբերաբար քաղաքապետին հիշեցնում է, թե որքան կարևոր է «Անահիտ»-ը, որն արժևորում է հայկական կինոն։

Ավինյանի խոսքով՝ ռեժիսորի գործը հավանաբար ամենադժվարինն է, քանի որ նրա պատասխանատվությունն ամենամեծն է, հաղթանակը բոլորինն է, իսկ պարտությունը՝ ռեժիսորինը։

Մրցանակը ստանալիս Թամարա Ստեփանյանը հիշեցեց, որ ծնվել է  արվեստագետների ընտանիքում։ Նրա մայրը թավջութակահար Նարինե Հարությունյանն է, հայրը՝ երջանկահիշատակ դերասան Վիգեն Ստեփանյանը, քեռին՝ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը։ Թամարան խոստովանեց՝ երբ ասել է, որ  ցանկանում է ռեժիսոր դառնալ, հայրն ընդգծել է՝ պետք է այնպես անի, որ լավագույնը լինի։

«Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում հաղթելիս էլ նա կրկին շնորհակալություն հայտնեց իր թիմի բոլոր անդամներին՝ նշելով՝ եթե թիմը լավը չէ, ֆիլմը չի կարող հաջողել։

«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» ճանաչվեց «Մենակ երկուսով» կինոնկարը, որի ռեժիսորն Արթուր Սահակյանն է, իսկ պրոդյուսերը՝ Արամայիս Հայրապետյանը։

Մրցանակը հանձնեց դերասանուհի Անի Խաչիկյանը։ Նա մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց բոլոր կինոգործիչներին և մաղթեց, որ ստեղծագործողն ու արտադրողը հասնեն այնպիսի ձևի և բովանդակության, որը մրցունակ կլինի համաշխարհային հարթակներում՝ միջազգային կինոփառատոններում, մրցանակաբաշխություններում, որպեսզի մշակվեն այնպիսի օրենքներ, որոնք առավել կնպաստեն հայ կինոյի փառահեղ զարգացմանն, ինչի արդյունքում «Անահիտ» մրցանակաբաշխությունը հնարավոր կլինի անցկացնել ամեն տարի։ Դերասանուհին  շեշտեց, որ կինոյում  փորձարարությանը դիմելու, ձեռագիրը գտնելու և դեպի մեծ կինո ճանապարհ հարթելու լավագույն միջոցը կարճամետրաժ ֆիլմերն են։

Մրցանակը ստանալիս Արթուր Սահակյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց ֆիլմի բոլոր աջակիցներին ու մասնակիցներին։

«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում «Անահիտ»-ի արժանացավ «Վերապրել Շեքսպիրին» կինոնկարը, որի ռեժիսորներն են Իննա Սահակյանն ու Ռուբեն Ղազարյանը, պրոդյուսերներն են Վարդան Հովհաննիսյանը, Մարիամ Դավթյանը, Իննա Սահակյանը։

«Լավագույն մոնտաժ» անվանակարգում մրցանակը տրվեց Յաննիկ Լերոյի և Մերի Աղախանյանի «Բնակիչները» ֆիլմին։

Մրցանակը հանձնեց կինոռեժիսոր Դավիթ Բաբախանյանը՝ շեշտելով, որ մոնտաժի ռեժիսորը հետարտադրական փուլի ամենակարևոր դերակատարներից է։ Նա վստահեցրեց՝ մոնտաժողի որակյալ աշխատանքից են կախված ֆիլմի լավագույն որակները, հենց նրա շնորհիվ ֆիլմը դառնում է լակոնիկ և ձեռք է բերում բազմաթիվ երանգներ։

«Լավագույն հնչյունային ձևավորում» անվանակարգում մրցանակը տրվեց «Բախտի տերը» ֆիլմին, որի շուրջ աշխատել են Արման Ավետիսյանը, Տիգրան Կուզիկյանն ու Հարութ Քոթանջյանը։

«Լավագույն նկարչական ձևավորում» համարվեց Արմեն Ղազարյանի կատարած աշխատանքը «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում։

«Լավագույն երաժշտություն» անվանակարգում մրցանակի արժանացավ Արմեն Մարտիրոսյանը՝ «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմի համար։

«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում հաղթեց Սուրեն Թադևոսյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» կինոնկարի համար։

«Տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում մրցանակի արժանացավ Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. վերջին սպարապետը» կինոնկարում Վազգեն Սարգսյանին փայլուն մարմնավորելու համար։

Մրցանակը հանձնեց դերասանուհի, հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը, որը Խորեն Լևոնյանի հետ հանդես է եկել մի շարք ֆիլմերում։ «Ես գիտեմ՝ որքան լի է հուզմունքով, երբեմն կորստի գիտակցությամբ, երբեմն չափազանց մեծ սպասումներով այս ամբողջ արարողությունն ու ցանկանում եմ ծափահարել այն մարդկանց, որոնք, անկախ մրցանակից, փայլում են իրենց գրագիտությամբ, որակով, ազգային դիմագծով և կինոյի հավերժական ձևավորմամբ։ Ինձ համար կինոն հավերժություն է, անձի, ազգի մտածողության, գիր ու գրականության և մեր ինքնության հետքն է տարածության և ժամանակի մեջ»,-ասաց Հովհաննիսյանն ու շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր երբևէ ձևավորել են մեր ազգային դիմագիծը մեր կինոյում։

Մրցանակը ստանալիս Խորեն Լևոնյանը շեշտեց, որ առաջին անգամ է մասնակցում «Անահիտ»-ին և շնորհակալ է գնահատականի համար։ Նա կայունություն  մաղթեց կինոարտադրությունում և ելույթն ավարտեց Վազգեն Սարգսյանի խոսքերով. «Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից»։

Ազգային կինոարտադրության զարգացման գործում նշանակալի ավանդի համար հատուկ մրցանակը տրվեց կինոռեժիսոր, վավերագրող, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր և նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանին։

Մրցանակը ստանալիս Խաչատրյանը հիշեցրեց՝ երբ տարիներ առաջ փորձել են ստեղծել Հայկական ազգային կինոակադեմիան, շատերն իրենց հաջողությանը չեն հավատացել՝ հարցնելով, թե երկրում, որտեղ քիչ են ֆիլմեր նկարահանում, ինչի է պետք այդ կառույցը։ «Փառք Աստծո, որ մենք կարողացանք հաղթել։  Կինոն շատ լուրջ ու կարևոր զենք է հատկապես փոքր ազգերի համար։ Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ստացան մրցանակներ, բոլոր նրանց, ովքեր չստացան։ Հաջորդ անգամ նրանք կստանան. ոչինչ»,-եզրափակեց կինոռեժիսորը։

«Անահիտ» մրցանակաբաշխությունը, որն անցկացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, հայ կինոարվեստի առաջընթացին և հանրահռչակմանն ուղղված հիմնական միջոցառումներից է։ Մրցանակաբաշխության նպատակն է նպաստել հայրենական կինոարտադրության զարգացմանը և հայկական կինոյում նոր անունների բացահայտմանն ու առաջմղմանը, ինչպես նաև խթանել պրոֆեսիոնալ հետաքրքրությունը կինոյի ոլորտի մասնագիտությունների նկատմամբ։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2 տարին մեկ անգամ։

Հայերեն