Իրան

Եվրոպային «մինչև 6 շաբաթվա» ավիացիոն վառելիք է մնացել. Էներգետիկայի միջազգային գործակալության ղեկավար

2 րոպեի ընթերցում

Եվրոպային «մինչև 6 շաբաթվա» ավիացիոն վառելիք է մնացել. Էներգետիկայի միջազգային գործակալության ղեկավար

Եվրոպային մնացել է «մինչև 6 շաբաթվա» ավիացիոն վառելիք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին The Associated Press-ին տված հարցազրույցում ասել է Էներգետիկայի միջազգային գործակալության ղեկավարը՝ զգուշացնելով «շուտով» չվերթերի հնարավոր չեղարկումների մասին, եթե նավթի մատակարարումները շարունակեն արգելափակված մնալ։

Գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավթի, գազի և կենսական նշանակության այլ ապրանքների մատակարարումների դադարեցումը լուրջ հետևանքներ կունենա համաշխարհային տնտեսության համար։

«Եվ որքան երկար սա տևի, այնքան ավելի վատ կլինի ազդեցությունը տնտեսական աճի և գնաճի վրա ամբողջ աշխարհում», - ասել է նա։

Բիրոլի խոսքով՝ հետևանքը կլինի «բենզինի գնի բարձրացումը, գազի գնի բարձրացումը, էլեկտրաէներգիայի բարձր գինը»։ Որոշ երկրներ ավելի շատ կզգան տնտեսական հետևանքները։ Նրա խոսքով՝ էներգետիկ ճգնաժամի առաջնագծում են, մասնավորապես, Ճապոնիան, Կորեան, Հնդկաստանը, Չինաստանը, Պակիստանը և Բանգլադեշը։

Նա նշել է, որ ամենաշատը կտուժեն Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ավելի աղքատ երկրները, այնուհետև՝ Եվրոպան և Ամերիկա աշխարհամասը։

Բիրոլը նաև դեմ է արտահայտվել Հորմուզի նեղուցով վճարովի անցմանը, որ Իրանը կիրառել է մի քանի նավի նկատմամբ։ Նրա խոսքով՝ եթե սա մշտական բնույթ ձեռք բերի, ապա կա վտանգ, որ նման մեխանիզմ կկիրառվի նաև այլ ջրային ուղիներում։

Հորմուզի նեղուցով նավարկությունը գրեթե դադարել է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, երբ Թեհրանն արգելեց ոչ բարեկամ երկրների նավերի անցումը նեղուցով։ Այժմ կողմերի միջև հաստատվել է երկշաբաթյա հրադադար, սակայն ԱՄՆ-ն շրջափակել է իրանական նավահանգիստները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում