Այսօր մենք անկախ ենք ավելի, քան երբևէ. վարչապետ
3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը՝ 2018 թվականի համեմատ, այսօր բոլորովին այլ պետություն է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այդ մասին հայտարարել է Ազգային ժողովում՝ ներկայացնելով կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։
«Այսօր մենք անկախ ենք ավելի, քան երբևէ, ինքնիշխան ենք ավելի, քան երբևէ, պետություն ենք ավելի, քան երբևէ, ժողովրդավարական ենք ավելի, քան երբևէ, զարգացած ենք ավելի, քան երբևէ, խաղաղ ենք ավելի, քան երբևէ, բարեկեցիկ ենք ավելի, քան երբևէ, անվտանգ ենք ավելի, քան երբևէ»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նաև ընդգծեց ժողովրդագրական ցուցանիշների դրական միտումները՝ նշելով կյանքի միջին տևողության աճը։
«Մի բան էլ ասեմ, երկարակյաց ենք ավելի, քան երբևէ, որովհետև 2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում կյանքի միջին տևողությունը 78,6 է, ինչը բացարձակ ռեկորդային ցուցանիշ է, և ինչքան հասկանում եմ՝ նույնիսկ Խորհրդային Միության ժամանակների հետ համեմատ»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը կարևորեց նաև տարածաշրջանային զարգացումները՝ շեշտելով խաղաղության գործոնի նշանակությունը Հայաստանի ապագայի համար։
Նրա խոսքով՝ երկրի հեռանկարները դարձել են ավելի կանխատեսելի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շնորհիվ․
«Այսօր մեր պետության հեռանկարները որոշակի են ավելի, քան երբևէ, և սա առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շնորհիվ է, որը հաստատվեց 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում՝ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ»,- նշեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում Հայաստանը կանգնած է կարևոր իրադարձությունների առաջ, այդ թվում՝ տարածաշրջանային կապուղիների զարգացման և խաղաղության հաստատման գործընթացների շրջանակում։
«Առաջիկայում մեզ սպասում են մեծ ու պատմական իրադարձություններ։ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախագծի իրագործումը, որը Հայաստանը վերջնականորեն դուրս կբերի շուրջ 30-ամյա շրջափակումից, և, իհարկե, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի ստորագրումը և վավերացումը, որը կապահովի մեր պետությունների և ժողովուրդների միջև թշնամանքի վերացման հետագա ընթացքը»,- եզրափակեց Փաշինյանը։