Հայտնի են Gateway to Viva Tech 2026 մրցույթի երեք հաղթողները, ովքեր հունիսին կմեկնեն Փարիզ՝ մասնակցելու միջազգային Viva Tech-ին
6 րոպեի ընթերցում
PicsArt կազմակերպությունում կայացավ նորագույն տեխնոլոգիաներով զբաղվող ստարտափ ընկերությունների տարվա կարևոր միջոցառումներից մեկը՝ Gateway to Viva Tech 2026-ը, որի շրջանակում կայացավ նաև մրցանակաբաշխություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էր Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի գլխավորությամբ։
Միջոցառմանը ֆրանսիական կողմի ներկայությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ընթացիկ տարվա հունիսին Փարիզում կայանալու է միջազգային հերթական Viva Tech-ը, որին մասնակցելու են նաև ներհայաստանյան մրցույթում հաղթած երեք հայկական ստարտափ ընկերությունները։
Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադն անձամբ շնորհավորեց ժյուրիի կողմից հաղթող ճանաչված երեք ստարտափերի ներկայացուցիչներին՝ նրանց հանձնելով մրցանակներ։
«Մեր պատվիրակությունն իսկապես շատ տպավորված է հայ երիտասարդների տաղանդով, նրանց ստեղծագործական ունակություններով, էներգիայով։ Ես հաճախ հանդիպում եմ ձեռնարկատերերի հետ։ Ֆրանսիայում ունենք French Tech, և ամեն տեղ, ուր գնում եմ, փորձում եմ ինձ հետ պատվիրակության կազմում տանել արհեստական բանականության, տիեզերքի, քվանտային ոլորտի կարևոր խնդիրներով զբաղվող երիտասարդ ձեռնարկատերերին։ Այսօր ինձ հետ Հայաստան են եկել երկու ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչներ՝ Ֆրանսիայի և Հայաստանի նորարարության էկոհամակարգերը միավորելու նպատակով»,- ասաց Հադադը։
Նախարարը հավելեց, որ ֆրանսիական պատվիրակությունը տպավորված է նաև այն հանգամանքով, թե ինչպես են հայ երիտասարդները կոնկրետ խնդիրներ լուծում տեխնոլոգիաների ոլորտում։ Նրա դիտարկմամբ՝ շատերը մեր հասարակություններում տեխնոլոգիաներին վերաբերվում են մի փոքր նախապաշարումներով, մինչդեռ օրինակ առողջապահության և շատ այլ ոլորտներում նորագույն տեխնոլոգիաները կարող են իսկապես առաջ մղել մարդկային առաջընթացը։
«Մեզ համար կարևոր է եվրոպական տնտեսական գոտու զարգացումը, հետևաբար մեր նորարարներին ու ձեռնարկատերերին աջակցելը խիստ անհրաժեշտություն է: Եթե չենք ուզում կախված լինել ԱՄՆ-ից, Չինաստանից, ապա պետք է ռիսկի դիմենք և խթանենք նորարարությունները: Սա է բանալին, ուստի պետք է շարունակենք աջակցել ու միավորել ձեռնարկատերերին։ Այն, ինչ տեսնում և լսում եմ Հայաստանում, ինձ խորապես գոտեպնդում է լավատեսությամբ դեպի Եվրոպայի, Հայաստանի ու Ֆրանսիայի միջև համագործակցության ապագա»,- ասաց ֆրանսիացի նախարարը։
Մրցույթում առաջին տեղը գրաված «Դենովոսայնսիզ» ստարտափ ընկերության համահիմնադիր Վարդան Հարությունյանը նշեց, որ իրենք ստեղծել են գեներատիվ արհեստական բանականության ալգորիթմ, որն օգնելու է մեծ դեղագործական ընկերություններին հայտնաբերել նոր դեղամիջոցներ։
«Այդ ալգորիթմի միջոցով հնարավոր կլինի դեղամիջոցները գտնել շատ ավելի հեշտ ու արագ։ Այդ կերպ կօգնենք մարդկանց լուծել իրենց խնդիրները»,- ասաց Հարությունյանը։
Մրցույթում երկրորդ տեղը գրաված «Մեդփեյր» հայ-ֆրանսիական ստարտափ ընկերության համահիմնադիր Թաթուլ Աջամյանը նշեց, որ իրենք զբաղվում են առողջապահության ոլորտում այնպիսի տեխնոլոգիաների ստեղծմամբ, որոնք կհեշտացնեն բժիշկների և բուժառուների կապը։
«Մասնավորապես կառուցում ենք արհեստական բանականության ագենտներ, որոնք առողջապահական ոլորտի մասնագետներին հնարավորություն կտան նորագույն տեխնոլոգիաների միջոցով անմիջականորեն հետևել բուժառուների վիճակին»,- ասաց Աջամյանը։
Մրցույթում երրորդ տեղը գրաված «Թաքթուն» ստարտափ ընկերության ներկայացուցիչ Ռաֆայել Ղասաբյանը նշեց, որ իրենք ռոբոտաշինությամբ զբաղվող կազմակերպությունների համար ստեղծում են աշխատանքային պրոցեսը ղեկավարող սարքեր։
«Օրինակ գյուղատնտեսական կամ շինարարական սարքավորումների մեջ կան հատուկ իրենց համար ստեղծված պլատաներ, որոնք ստանում են բոլոր տվիչներից եկող ինֆորմացիան և ղեկավարում շարժիչների աշխատանքը։ Մենք ստեղծում ենք այդ պլատաներն իրենց պահանջներով և հնարավորություն ենք տալիս հսկայական գումարներ չծախսել նախագծային աշխատանքների վրա։ Մեզանից գնում են վերջնական արդյունքը՝ պլատաները, և արհեստական բանականության միջոցով ծրագրավորում են դրանք»,- ասաց Ղասաբյանը։
Մրցանակակիրները հայտնեցին, որ Viva Tech-ն աշխարհում այն միջոցառումներից է, որին մասնակցում են ամենաշատ թվով ստարտափ ընկերությունները։ Նրանք օգտագործում են պատեհ հարթակը՝ նոր պատվիրատուներ ու գործընկերներ գտնելու համար։ Ֆրանսիայում Viva Tech-ը կազմակերպվում է ամեն տարի և արդեն ունի տասնամյա պատմություն։
Միջազգային այդ խոշոր միջացառմանը մասնակցելու հանգամանքը հայկական ստարտափ ընկերություններին հնարավորություն կտա մտնել եվրոպական շուկա, ձեռք բերել նոր պիլոտային պատվիրատուներ, որոնք հետագայում կդառնան հիմնական գործընկերներ։ Եվ քանի որ Ֆրանսիան ստարտափերի համար ունի բարենպաստ էկոհամակարգ, ապա դա հնարավորություն կընձեռի նաև ներդրումներ բերել Հայատան։