Թուրքիայում զինված տղամարդը հարձակվել է դպրոցի վրա, ապա ինքնասպան եղել
2 րոպեի ընթերցում

Թուրքիայի արևելքում գտնվող Սիվերեք քաղաքի (Շանլըուրֆա նահանգ) դպրոցի վրա զինված հարձակում է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Տեղեկության համաձայն՝ հարձակվողը վիրավորել և պատանդ է վերցրել մի քանի աշակերտների։
Ըստ Haberturk լրատվականի` զինված հարձակումը իրականացրել է մի երիտասարդ։ Հարձակման թիրախը Հասան Չելեբի թաղամասում գտնվող Ահմեթ Քոյունջուի ավագ դպրոցն է եղել։
Լրատվամիջոցը հաղորդում է, որ դպրոցի ներսում կրակ է բացվել։
«Միլլիյեթ»-ի հաղորդմամբ՝ աշակերտների մեծ մասը տարհանվել է։ Վիրավորներից մի քանիսը պատուհաններից դուրս են ցատկել՝ փորձելով փախչել։
Տարածք են ուղարկվել բժշկական, ոստիկանական և այլ հատուկ նշանակության ստորաբաժանումներ:
Անվտանգության ուժերը փորձել են համոզել հարձակվողին հանձնվել, բայց նա հրաժարվել է: Կրակողը փախել է դպրոցի շենք, որը շրջափակված է եղել հատուկ ուժերով:
Ականատեսը NTV-ին պատմել է, որ հարձակվողը 17-18 տարեկան դեռահաս է եղել և ավագ դպրոցի տարածք է մտել զինված։
«Նա սկզբում պատահական կրակ է բացել բակում, ապա սկսել է կրակել ուղիղ դպրոցի ներսում», - հայտնել է աղբյուրը։
«Միլլիյեթ»-ը գրում է, որ կրակողը զինված է եղել որսորդական հրացանով։
Վերջին տեղեկության համաձայն՝ հարձակվողը դպրոցի նախկին աշակերտ է եղել:
Հարձակման հետևանքով վիրավորվել է տասնվեց մարդ, այդ թվում՝ երեխաներ և ուսուցիչներ։
Հարձակվողը վերջում ինքնասպան է եղել։