Իսպանիան հայտարարել է Թեհրանում դեսպանության աշխատանքը վերսկսելու մասին
1 րոպեի ընթերցում

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը Թեհրանում թագավորության դեսպանին ցուցում է տվել վերադառնալ Իրանի մայրաքաղաք և կրկին բացել Իսպանիայի դիվանագիտական ներկայացուցչությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Ես հանձնարարել եմ Թեհրանում մեր դեսպանին վերադառնալ, կրկին ստանձնել (դիվանագիտական ներկայացուցչության) ղեկավարությունը և վերաբացել մեր դեսպանատունը», - լրագրողներին ասել է արտաքին գործերի նախարարը։
Նա նաև նշել է, որ Իսպանիան պետք է միանա խաղաղության ջանքերին՝ հնարավոր բոլոր վայրերից, այդ թվում նաև՝ հենց Իրանի մայրաքաղաքից։
Թեհրանում Իսպանիայի դեսպանության աշխատակիցներն Իսլամական Հանրապետությունից տարհանվել էին մարտի 7-ին:
Իսպանիան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողությունների մեկնարկից ի վեր խստորեն դատապարտել է հարվածները ինչպես Իրանին, այնպես էլ՝ Իսրայելի կողմից հարվածները Լիբանանին։ Երկիրը նաև փակել է իր օդային տարածքը հակամարտությանը ներգրավված ցանկացած ինքնաթիռի համար՝ հարձակումներն անվանելով անօրինական։