ԵՄ մի շարք երկրներ պատրաստ են աջակցել նավագնացությանը Հորմուզի նեղուցում
1 րոպեի ընթերցում

Եվրամիության մի շարք երկրներ, Կանադան և Ճապոնիան պատրաստակամություն են հայտնել աջակցել Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության ապահովմանը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի շուրջ համաձայնության ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում։
Փաստաթուղթը ստորագրել են Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի, Կանադայի, Ճապոնիայի ղեկավարները, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
«Մեր կառավարությունները կաջակցեն ազատ նավագնացության ապահովմանը Հորմուզի նեղուցում», - ասվում է հայտարարության մեջ։
Նրանք նաև ողջունել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված երկշաբաթյա հրադադարը և շնորհակալություն հայտնել Պակիստանին և մյուս միջնորդներին։
«Նպատակը պետք է լինի առաջիկա օրերին բանակցությունների միջոցով հասնել պատերազմի արագ և տևական ավարտի։ Սրան կարելի է հասնել միայն դիվանագիտական միջոցներով», - նշված է հայտարարության մեջ։
Ղեկավարները նաև կոչ են արել բոլոր կողմերին պահպանել հրադադարը, այդ թվում՝ Լիբանանում։