Իրան

Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնությունը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա. Իսպանիայի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնությունը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա. Իսպանիայի ԱԳՆ

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը կարծում է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնեցված հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ալբարեսը գրել է X-ում։

Իսպանիայի ԱԳ նախարարը նաև աջակցություն է հայտնել միջնորդների, հատկապես Պակիստանի «կարևոր աշխատանքին»՝ նշելով, որ «գրեթե 40 օր անց այսօրվա հրադադարը հույս է տալիս Մերձավոր Արևելքին և աշխարհին», ինչպես նաև կանխում «էսկալացումը՝ անուղղելի հետևանքներով»։

«Դիվանագիտությունը, բանակցությունները և միջազգային իրավունքը միակ ուղին են դեպի կայուն խաղաղություն, որին արժանի են Մերձավոր Արևելքի ժողովուրդները։ Հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա՝ Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի շրջանակներում», - գրել է նա։

Ավելի ուշ Ալբարեսը զրուցել է իր լիբանանցի պաշտոնակցի հետ՝ Մադրիդի աջակցությունը հայտնելով Լիբանանի ինքնիշխանությանը, մերժելով «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի հարձակումները և աջակցություն հայտնելով ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը։

Ալբարեսը մեկ այլ գրառման մեջ հայտնել է Կատարի արտգործնախարարի հետ զրույցի մասին։ Նա կարևորել է Հորմուզի նեղուցով ազատ և անվտանգ նավագնացության վերսկսումը, նաև դատապարտել Իրանի հարվածները Կատարին։

Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել էր, որ Իրանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որն «անմիջապես ուժի մեջ կմտնի» և կպահպանվի «Լիբանանում և ամենուրեք»։ Բացի այդ Շարիֆն ապրիլի 10-ին Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններին հրավիրել է Իսլամաբադ՝ հետագա բանակցությունների համար։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ երկիրը հավանություն է տալիս  է ԱՄՆ-ի որոշմանն Իրանի հետ երկշաբաթյա հրադադար հաստատելու շուրջ՝ նշելով, սակայն, որ համաձայնությունը չի տարածվում Լիբանանի վրա, որտեղ իսրայելական բանակը ռազմական գործողություններ է իրականացնում շիաների իրանամետ «Հեզբոլլահ» խմբավորման դեմ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում