Հայաստան

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

2 րոպեի ընթերցում

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՇՄ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները վերահաստատել են Հայաստանի Հանրապետություն–Եվրոպական միություն համագործակցության կարևորությունը՝ հատկապես բնապահպանական և կլիմայական ուղղություններով, որոնք գործընկերության առանցքային բաղադրիչներից են։

Քննարկվել են համատեղ ծրագրերի ընթացքն ու առաջիկա առաջնահերթությունները։ Կարևորվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող նախաձեռնությունները, որոնք ուղղված են կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, շրջանառու տնտեսության զարգացմանը, ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը և Սևանա լճի պահպանությանը։

ՇՄ նախարարը ներկայացրել է շրջակա միջավայրի ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ շեշտադրելով ԵՄ չափանիշներին մոտարկման գործընթացը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները՝ կարևորելով ԵՄ-ի հետ սերտ և համակարգված համագործակցությունը։

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ գործընկերությունը՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման ընդհանուր նպատակների իրագործմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում