Նկարիչների միությունում բացվեց վարկանիշային «Էստամպ- 2026» ցուցահանդեսը
3 րոպեի ընթերցում

Հայաստանի նկարիչների միությունում կայացավ «Էստամպ- 2026» ամենամյա ցուցահանդեսի բացումը, որը այս տարվանից ստացավ նաև վարկանիշային կարգավիճակ։ Միջոցառումը համախմբել էր երիտասարդ և փորձառու արվեստագետների՝ ներկայացնելով տպագրական գրաֆիկայի արդի զարգացումները և ստեղծագործական բարձր մակարդակը Հայաստանում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ընդգծեց, որ ցուցահանդեսը տարեցտարի մեծ հետաքրքրություն և պահանջարկ է վայելում։ Նրա խոսքով`ներկայացված աշխատանքների ակտիվությունն ու որակը վկայում են, որ այն դարձել է սպասված մշակութային իրադարձություն։
Սաֆարյանը կարևորեց նաև այն հանգամանք, որ ցուցահանդեսին մասնակցում են ոչ միայն միության անդամներ, այլև ուսանողներ և անկախ արվեստագետներ, որոնց աշխատանքներն անցել են խիստ ժյուրիի ընտրություն։ Նա նշեց, որ ներկայացված գործերի բարձր մակարդակը խոսում է հայկական գրաֆիկայի զարգացման ճիշտ ուղղության մասին։ «Այս տարվանից «Էստամպ» ցուցահանդեսը ստանում է վարկանիշային կարգավիճակ, ինչը մասնակիցների համար դառնում է մասնագիտական առաջխաղացման կարևոր հարթակ»,-ասաց Սաֆարյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորեց ցուցահանդեսի նշանակությունը թե՛ արվեստագետների, թե՛ հասարակության համար։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ներկայացնելու ստեղծագործական ներուժը և փաստում են, որ Հայաստանում առկա է զարգացող և մրցունակ արվեստի միջավայր։
«Նման ցուցահանդեսները նպաստում են նաև տպագրական գրաֆիկայի հանրայնացմանը և արվեստի այս ճյուղի ճանաչելիության բարձրացմանը»,- նշեց Դանիելյանը՝ընդգծելով նաև երիտասարդների և ավագ սերնդի համագործակցության կարևորությունը՝ որպես ստեղծագործական շարունակության հիմք։
Գրաֆիկայի սեկցիայի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը շնորհավորեց մասնակիցներին՝ նշելով, որ ցուցահանդեսը դարձել է ոլորտի ամենասպասված իրադարձություններից մեկը, և մաղթեց նոր ստեղծագործական հաջողություններ։
Հայաստանի գեղարվեստի և պետական ակադեմիայի դեկան Վահե Գասպարյանն իր խոսքում ընդգծեց, որ ցուցահանդեսը վկայում է ժամանակակից հայկական գրաֆիկայի ստեղծագործական և հետազոտական ներուժի մասին: Նրա խոսքով՝ տպագրական գրաֆիկան այն եզակի արվեստի ճյուղերից է, որտեղ ստեղծագործական գործընթացը հաճախ վերածվում է բացահայտումների՝ արվեստագետին տալով նոր արտահայտչամիջոցներ։
Ցուցահանդեսի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։ « Էստամպ- 2026» ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 9-ը՝ հնարավորություն տալով արվեստասերներին ծանոթանալ ժամանակակից հայկական տպագրական գրաֆիկայի լավագույն նմուշներին։