Հայաստանի ԿԳՄՍ նախարարն ու Կատարի դեսպանը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

4 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սաադ Ալ-Սուլաիտինի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը դեսպանին շնորհավորել է առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նրա նշանակումը կնպաստի Հայաստան-Կատար փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ նշելով այդ ուղղություններով առկա ներուժը։

Դեսպան Մանսուր Աբդուլլա Սաադ Ալ-Սուլաիտինին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել հանձնառությունը՝ ակտիվորեն նպաստելու երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ու ընդլայնմանը՝ առանձնահատուկ կարևորելով կրթության, մշակույթի և սպորտի ոլորտները՝ որպես համագործակցության առանցքային ուղղություններ։ Նա ընդգծել է, որ այս ոլորտներում իրականացվող նախաձեռնությունները կարող են նպաստել ոչ միայն ինստիտուցիոնալ կապերի ամրապնդմանը, այլև ժողովուրդների միջև փոխըմբռնման և բարեկամական հարաբերությունների խորացմանը։

Դեսպանը նաև նշել է, որ հայկական համայնքի հետ ունեցած շփումները մեծ ազդեցություն են թողել իր վրա՝ ընդգծելով, որ Հայաստանի հարուստ մշակույթն ու պատմությունը պետք է առավել լայն ներկայացվեն Մերձավոր Արևելքում։

ՀՀ ԿԳՄՍ նախարարը կարևորել է կրթության ոլորտում համագործակցության զարգացումը՝ ընդգծելով, որ ՀՀ Կառավարություն այն դիտարկում է ռազմավարական առաջնահերթություն՝ երկարաժամկետ զարգացման և մրցունակ մարդկային կապիտալի ձևավորման տեսանկյունից։ Այս համատեքստում նա անդրադարձել է բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում համագործակցությանը՝ առաջարկելով դիտարկել ուսանողների, ակադեմիական անձնակազմի և հետազոտողների շարժունակության խթանումը, ինչպես նաև հմտությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը։

Նախարարը ներկայացրել է  նաև բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ «Ակադեմիական քաղաք» նախագիծը՝ ընդգծելով, որ միջազգային համագործակցության շրջանակում կարող է դիտարկվել նաև Կատարի՝ սպորտային բարձրակարգ ենթակառուցվածքների ստեղծման փորձը։

Իր հերթին Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սաադ Ալ-Սուլաիտինին տեղեկացրել է՝ հայկական կողմին կարող է հետաքրքիր լինել Կատարում գործող «Կրթական քաղաքը» (Education City), որտեղ տեղակայված են մի շարք համալսարաններ, ուսանողական հանրակացարաններ և գիտատեխնոլոգիական կենտրոններ։  

Կողմերն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանը․ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ մշակույթը ժողովուրդների միջև կապերի ամրապնդման կարևոր գործիք է։ Այս համատեքստում կարևորվել է Կատարում հայկական մշակույթի անկյան բացումը, որը նշանավորվել է Հայաստանի Հանրապետությունից տարված «Ազատություն շղթաներից» արվեստի գործի տեղադրմամբ։

Քննարկվել է նաև Կատարում Հայաստանի մշակույթի օրերի, ինչպես նաև Հայաստանում Կատարի մշակույթի օրերի անցկացման հնարավորությունը։

Հայերեն العربية English Français

«Պանիր «Չանախ»» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Կասեցվել է Արմավիրում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել և այն փոխանցել Քննչական կոմիտե

Պատգամավորն առաջարկել է ԱԺ-ում թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ լայն քննարկում անցկացնել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվել է Հոկտեմբերի 27-ի գործով հարցերին պատասխանելուց․ ՔԿ նախագահ

Աբովյան համայնքը հրավիրում է կրկնակի էլեկտրոնային աճուրդի

Կրիպտոարժույթների օգտագործումը դժվարացնում է թմրամիջոցների վաճառքից ստացված գումարների շահառուների բացահայտումը․ ՔԿ նախագահ

Արամ Վարդևանյանն առաջարկում է կալանքի մեկ օրը հաշվարկել որպես ազատազրկման երկու օր

Կոտայքի մարզի Աբովյան համայնքը հրավիրում է էլեկտրոնային աճուրդի

Լավագույն անիմացիոն ֆիլմերը՝ մեկ հարթակում. «ՌեԱ» փառատոնը վերադառնում է