Իրան

ԵՄ-ն անդամ երկրներին կոչ է արել պատրաստվել երկարատև էներգետիկ ճգնաժամի

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն անդամ երկրներին կոչ է արել պատրաստվել երկարատև էներգետիկ ճգնաժամի

Եվրոպական միության անդամ երկրները պետք է պատրաստվեն համաշխարհային էներգետիկ շուկաներում երկարատև ընդհատումների՝ Իրանի շուրջ զինված հակամարտության ֆոնին, հայտարարել է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Դեն Յորգենսենը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Յորգենսենի նամակը պրոֆիլային նախարարներին։

Նա նշել է, որ կառավարություններին «խրախուսվում է ժամանակին նախապատրաստվել հնարավոր երկարատև ընդհատումների»:

Յորգենսենն ասել է, որ Բրյուսելը հատկապես մտահոգված է կարճաժամկետ հեռանկարում վերամշակված նավթամթերքի, օրինակ՝ ինքնաթիռի վառելիքի և դիզելային վառելիքի մատակարարումներով։

Հանձնակատարն իր նամակում կառավարություններին կոչ է արել խուսափել այնպիսի միջոցառումներից, որոնք կսահմանափակեն նավթամթերքի առևտուրը կամ կխոչընդոտեն եվրոպական նավթավերամշակման գործարաններում արտադրությանը։

Reuters-ը նշում է, որ Եվրոպան մեծապես կախված է ներմուծվող վառելիքից, հետևաբար, զգում է Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքները։ Փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողության մեկնարկից հետո Եվրոպայում գազի գինն աճել է ավելի քան 70%-ով։

Ավելի վաղ Euractiv հարթակը, նույնպես վկայակոչելով Յորգենսենի նամակը, հայտնել է, որ ԵՄ երկրների վառելիքի ներմուծման ծախսերը 13 միլիարդ եվրոյով աճել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր:

Եվրոպական POLITICO հրատարակությունը, որը նույնպես ծանոթացել է նամակի տեքստին, գրել է, որ ԵՄ հանձնակատարն ազգային կառավարություններին կոչ է արել քննարկել վառելիքի պահանջարկի նվազեցման կամավոր միջոցներ՝ «առանձնահատուկ ուշադրություն նվիրելով տրանսպորտի հատվածին»: Սա կարող է նշանակել, որ կառավարությունները, հնարավոր է, բնակիչներից խնդրեն քիչ օգտվել ավտոմեքենաներից և ավիատրանսպորտից՝ վառելիքի խնայողության համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում