Իրավունք

Դատարանն ամբողջությամբ մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Արսեն Թորոսյանի

3 րոպեի ընթերցում

Դատարանն ամբողջությամբ մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Արսեն Թորոսյանի

Առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ մերժել է գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի հայցն՝ ընդդեմ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի դեմ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Արսեն Թորոսյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

«Սիրելի հայրենակիցներ, կհիշեք, որ ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը ինձ դատի էր տվել և փորձում էր պարտավորեցնել, որ ներողություն խնդրեմ ինչ-որ վիրավորանքների և զրպարտանքի համար, ԱԺ ամբիոնից իմ հնչեցրած հայտարարության համար՝ ըստ էության փորձելով լռեցնել ինձ, ինչը, իհարկե, չհաջողվեց և չի հաջողվի։

Եվ ահա Առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ մերժել է այդ հայցը, և ես հաղթել եմ դատարանում, իսկ ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը՝ պարտվել»,- ասել է Թորոսյանը։

2025 թվականի հուլիսին հայտնի էր դարձել, որ Սամվել Կարապետյանը դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել այդ ժամանակ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին ներողություն խնդրել խորհրդարանի ամբիոնից իր հասցեին հնչեցրած վիրավորանքների և զրպարտանքի համար։ Արսեն Թորոսյանն ԱԺ ամբիոնից, մասնավորապես, հայտարարել էր.

«Ես 2 հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լուբլյանկայում են կտրել՝ ФСБ-ի շտաբ-բնակարանում։ Առաջինի անունը Արշակ է… Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը Սամվել Կարապետյանին»։ Սամվել Կարապետյանն այս հայտարարությունը համարել էր վիրավորական և պահանջել էր, որ պատգամավորը, բացի փոխհատուցումից, նաև ներողություն խնդրի։

Թորոսյանի մեկ այլ հայտարարություն էր Սամվել Կարապետյանը համարել էր զրպարտանք և պահանջել, որպեսզի Թորոսյանը հերքի այդ հայտարարությունը։ Խոսքը, մասնավորապես, հետևյալ հայտարարության մասին է. «ФСБ-ի կողմից Սամվել Կարապետյանին հրահանգվել է անել news.am-ի հարցազրույցում հնչեցրած արտահայտությունները՝ նպատակ հետապնդելով ՀՀ օրինական իշխանության դեմ բռնություն գործադրելու, ՀՀ ղեկավարությանը թույնելու համար»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում