Թրամփն աջակցություն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրություններից առաջ
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցություն է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին խորհրդարանական ընտրություններից առաջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա համապատասխան հրապարակում է արել Truth Social-ում:
Թրամփը Հունգարիայի վարչապետին անվանել է «ուժեղ և հզոր ղեկավար, որը հասնում է ֆենոմենալ արդյունքների»:
«Վիկտորը եռանդով աշխատում է Հունգարիայի պաշտպանության, նրա տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման, առևտրի զարգացման, անօրինական ներգաղթի դեմ պայքարի և օրենքի ու կարգի պահպանման համար: Հունգարիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններն իմ վարչակազմի օրոք հասել են համագործակցության նոր բարձունքների և ակնառու հաջողությունների՝ շատ բանով վարչապետ Օրբանի շնորհիվ», - գրել է ԱՄՆ ղեկավարը:
Նա նշել է, որ սպասում է Օրբանի հետ աշխատանքը շարունակելուն։
«Ես հպարտ էի աջակցել Վիկտորին 2022 թվականին նրա վերընտրության ժամանակ, և ինձ համար պատիվ է դա անել նորից», - ընդգծել է Թրամփը՝ կոչ անելով Հունգարիայի ընտրողներին ձայնը տալ Օրբանի օգտին:
«Ես նրա հետ եմ մինչև վերջ», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները նշանակված են ապրիլի 12-ին: Կառավարող «ՖԻԴԵՍ-Հունգարիայի քաղաքացիական միություն» կուսակցությունը թեժ նախընտրական պայքար է մղում ընդդիմադիր «Տիսա» կուսակցության դեմ, որը վայելում է ԵՄ ղեկավարության աջակցությունը: