Պատրաստ եմ հավաքականին տալ այն ամենն, ինչին ունակ եմ. ֆուտբոլի ընտրանու նորեկ Կառլեն Հովհաննիսյան
7 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոր ընտրական փուլից առաջ ընկերական խաղեր կանցկացնի: Եղիշե Մելիքյանն առաջիկա ընկերական խաղերի համար թիմ է հրավիրել 6 նորեկի: Նրանցից մեկը Երևանի «Փյունիկ»-ի 20-ամյա կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանն է:
«Արմենպրես»-ի թղթակիցը ֆուտբոլիստի հետ զրուցել է ֆուտբոլում առաջին քայլերի, «Փյունիկ»-ի ներուժի, հավաքականից հրավեր ստանալու, Եղիշե Մելիքյանի ու Արտակ Օսեյանի հետ աշխատանքի մասին:

-Կառլեն, ե՞րբ է եղել Ձեր առաջին քայլը ֆուտբոլում:
-Դեռևս փոքր տարիքից շատ էի հետաքրքրվում ֆուտբոլով, ինչպես բոլոր մանուկները, ովքեր սիրում են բակում ֆուտբոլ խաղալ: Ինձ գնդակով հիշում եմ, երբ դեռ 5-6 տարեկան էի: Իմ բախտը բերել է, քանի որ մորեղբայրս էլ ժամանակին ֆուտբոլով է հետաքրքրվել ու ինձ հետ էլ ինչ-որ ժամանակ աշխատել է: Հենց այդ տարիներից էլ շատ սիրել եմ ֆուտբոլը, ու հետո նաև ժամանակի հետ սիրելի ակումբ էլ ունեցա` Լոնդոնի «Արսենալ»-ը:
-Իսկ ե՞րբ սկսեցիք հաճախել «Փյունիկ»-ի ակադեմիա:
-Իմ առաջին քայլերն արել եմ հենց «Փյունիկ»-ի ակադեմիայում ու մինչ օրս էլ այստեղ եմ: «Փյունիկ»-ն իմ երկրորդ տունն է: Առաջին անգամ այստեղ եկա 6 տարեկանում: Ինձ իմ տանն եմ զգում:
-«Փյունիկ»-ն այժմ ներքին առաջնությունում երկրորդ տեղում է: Ի՞նչ խնդիր կա թիմի առջև դրված, ի՞նչ նպատակ ունեք այս մրցաշրջանի համար:
-Վստահ եմ՝ գիտեք, որ մյուս թիմերի հետ համեմատ մենք մեկ հանդիպում քիչ ենք անցկացրել ու եթե այդ մեկ հանդիպումն էլ հաշվի առնենք, ապա իմ կարծիքով մենք առաջին տեղում կլինեինք: Ըստ իս՝ մեր առաջին տեղում լինելը լիովին համապատասխանում է մեզ, մեր ներուժին: Մեզ մոտ թիմային հրաշալի մթնոլորտ է, աշխատում ենք ինչպես մեկ թիմ ու օրեցօր ավելի ենք ուժեղանում: «Փյունիկ»-ը միանշանակ պայքարելու է չեմպիոնության համար ու նաև գավաթի խաղարկությունում էլ ենք ձգտելու առավելագույնին:
-Իսկ, ըստ Ձեզ, ինչպիսի՞ ներքին առաջնություն ունի Հայաստանի Պրեմիեր լիգան ու ի՞նչ զարգացում է ապրել տարիների ընթացքում:
-Ամեն տարի ներքին առաջնությունն ավելի է լավանում` բարձրանում է մակարդակը: Պրեմիեր լիգան այժմ առավել մրցունակ է դարձել ու այն հսկայական ֆինանսական ներդրումները, որոնք կատարում են ակումբներն, այժմ երևում է առաջնության խաղամակարդակի վրա: Տարիների հետ ներքին առաջնությունում խաղալն ավելի դժվար է դառնում ու հայկական ակումբներն առավել մրցունակ են դառնում եվրագավաթներում:
-Կառլեն, ովքե՞ր են լինելու Հայաստանի այս տարվա առաջնության չեմպիոնի հիմնական հավակնորդները:
-Ակնհայտ է, որ այս պահի համար չեմպիոնի հիմնական հավակնորդները 5 ակումբներ են` «Փյունիկ»-ը, «Ուրարտու»-ն, «Նոա»-ն, «Արարատ-Արմենիա»-ն ու «Ալաշկերտ»-ը: Այս պահին թիմերից յուրաքանչյուրն էլ իր ներուժով մոտ է չեմպիոնությանը:
-Մրցաշրջանի սկզբում Արտակ Օսեյանը գլխավորեց «Փյունիկ»-ը: Ինչպիսի՞ ֆուտբոլային փիլիսոփայության կրող է նա:
-Արտակ Օսեյանը մեծ ուժ է տալիս «Փյունիկ»-ին, նաև անձնապես՝ ֆուտբոլիստներին: Նրա խաղային գաղափարախոսությունը բուն գնդակով խաղն է: Ինձ շատ հոգեհարազատ է նրա խաղաոճը: Նրա գլխավորությամբ «Փյունիկ»-ի աճն ակնհայտ է:
-Առաջին անգամ Ձեր կարիերայում ազգային հավաքականում հանդես գալու հրավեր եք ստացել: Ի՞նչ խորհուրդ ունի այն Ձեզ համար:
-Իմ առաջին արձագանքը, բնականաբար, ուրախությունն էր ու նաև՝ հպարտությունը․ ինչ-որ ճանապարհ ունեմ անցած, որ այժմ հավաքականից հրավեր եմ ստանում: Յուրաքանչյուր հավաքականում խաղալը՝ լինի դա պատանեկան, թե երիտասարդական թիմ, ինձ համար ազգը ներկայացնելու միջոց է: Ազգային հավաքականում խաղալն ինձ համար ավելի վեհ գաղափար է: Պատրաստ եմ հավաքականին տալ ամեն ինչ, ինչին ունակ եմ: Ձգտելու եմ ավելի լավը դառնալ ամեն օր ու այդ ամենը հանուն ֆուտբոլի ու հավաքականի:
-Եղիշե Մելիքյանի հետ աշխատանքի փորձ ունեք, երբ նա մարզում էր «Փյունիկ»-ը: Հե՞շտ է աշխատել նրա հետ ու ինչի՞ կարող է հասցնել նա թիմին:
-Թեպետ Մելիքյանի հետ աշխատել եմ «Փյունիկ»-ում, բայց շատ քիչ ժամանակահատված: Բայց նույնիսկ այդ ժամանակահատվածում շատ բան եմ սովորել նրանից: Մելիքյանը հրաշալի առաջնորդ է, շատ բացառիկ մարզչական որակներ ունի: Նա իսկապես շատ բան կարող է տալ հավաքականին ու ֆուտբոլիստներին: Հավատում եմ՝ նրա գլխավորությամբ հավաքականը կկարողանա մասնակցել մեծ մրցաշարի:
-Այժմ Եղիշե Մելիքյանը սերնդափոխություն է անում՝ Հայաստանի ներքին առաջնության ֆուտբոլիստներին հնարավորություն ընձեռելով: Ի՞նչը կարող է հավաքականի հաղթաթուղթը դառնալ ապագայում:
-Իմ կարծիքով՝ Հայաստանի հավաքականի սերնդափոխությունը կարող է հաջող լինել, քանի որ ինքս Մ21 տարեկանների թիմում տեսնում եմ մեծ ներուժ ունեցող ֆուտբոլիստների: Հայաստանի հավաքականի հաղթաթուղթն ապագայում կարող է լինել միասնականությունն ու հավատը մեր արած գործի նկատմամբ:
-Կառլեն, ո՞ւմ եք զանգում առաջինը լավ լուր ստանալիս:
-Ծնողներիս:
-Ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:
-Լիոնել Մեսին:
-Ենթադրաբար, Ձեր կյանքը կախված է մի 11 մետրանոց հարվածից, որը դուք չեք իրացնելու: Ո՞ւմ կվստահեք այն:
- Բրունո Ֆերնանդեշին:
-Եթե հնարավորություն ունենայիք զրուցելու հայոց պատմության որևէ կերպարի հետ, ո՞վ կլիներ նա:
-Տիգրան Մեծը:
-Ո՞ր ֆուտբոլիստի հետ կուզենայիք խաղալ մեկ թիմում, ում հետ չեք խաղացել:
-Հայերից` Հենրիխ Մխիթարյանը, իսկ համաշխարհային ֆուտբոլիստներից նրանց հետ, ովքեր խաղացել են «Արսենալ»-ում:
-Կառլեն, Ձեզ հաջողություն եմ մաղթում ազգային թիմում և շնորհակալություն զրույցի համար:
