Բարձր տեխնոլոգիաներ

Ամփոփվել է «Ռոբոտների հաքաթոն»-ը․ հայտնի են հաղթողները

2 րոպեի ընթերցում

Ամփոփվել է «Ռոբոտների հաքաթոն»-ը․ հայտնի են հաղթողները

Ամփոփվել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ռոբոտների հաքաթոն»-ի արդյունքները։

Փակման հանդիսավոր արարողության ընթացքում մասնակիցներին ողջունել է ԲՏԱ նախարարության տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։ Նա նշել է, որ երեք օրերի ընթացքում Երևանը և Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող թիմերը մեծ նվիրվածությամբ աշխատել են իրենց նախագծերի վրա՝ հավաքելով, փորձարկելով և կատարելագործելով ռոբոտները։ Արդյունքում, մրցահարթակում ներկայացվել են հետաքրքիր և մրցունակ լուծումներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայկ Ենգիբարյանը շնորհավորել է բոլոր մասնակիցներին՝ ընդգծելով, որ նախարարության կողմից առաջին անգամ կազմակերպված այս հաքաթոնը կարևոր նախաձեռնություն է։ Նա նաև նշել է, որ ոլորտը նախարարության համար ունի ռազմավարական նշանակություն՝ հատկապես գործնական հմտությունների զարգացման և նոր հնարավորությունների ստեղծման տեսանկյունից։

Հաքաթոնին մասնակցել են Երևանը և Հայաստանի մարզերը ներկայացնող 36 թիմերի 123 մասնակիցներ, որոնք իրենց պատրաստած ռոբոտները ներկայացրել են գնահատման հանձնաժողովին։ Մրցույթի արդյունքում ընտրվել են հաղթող թիմերը։

1-ին մրցանակին արժանացել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի «Հատուկ թիմը»՝ ստանալով 1.5 մլն դրամ պարգև։

2-րդ մրցանակը շնորհվել է Երևանի «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիայի թիմին՝ 1 մլն դրամ։

3-րդ մրցանակին արժանացել է Իջևանի «Իրական դպրոցի» թիմը՝ ստանալով 500,000 դրամ։

«Ռոբոտների հաքաթոն»-ը կարևոր քայլ է Հայաստանում ռոբոտաշինության և տեխնոլոգիական կրթության զարգացման ուղղությամբ և նպատակ ունի միավորելու երիտասարդ տաղանդներին՝ խթանելով համագործակցությունը և ստեղծելով նորարարական գաղափարների իրականացման հնարավորություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում