Երջանիկ եմ առաջին անգամ ելույթ ունենալ Հայաստանում․ աշխարհահռչակ Լանգ Լանգը՝ երևանյան համերգի մասին
2 րոպեի ընթերցում

Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը հայտնել է, որ անհամբերությամբ է սպասում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Երևանում կայանալիք համերգին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից։
«Ես շատ երջանիկ եմ առաջին անգամ ելույթ ունենալ Հայաստանում: Միշտ հիացել եմ այս երկրի հարուստ երաժշտական ժառանգությամբ, և ինձ համար մեծ նշանակություն ունի Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը հայ հանդիսատեսին ներկայացնելը. այս երաժշտությունն այնքան մեծ զգացմունքայնություն ու հոգի ունի։ Ես անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ այն կատարելու հնարավորությանը: Զգում եմ, որ սա հենց այն ստեղծագործությունն է, որը պետք է հնչեր առաջին այցելության ժամանակ»,- նշել է դաշնակահարը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գալա համերգը կկայանա ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, դիրիժոր` Սերգեյ Սմբատյան: Այն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Լանգ Լանգը մշտապես համագործակցում է աշխարհի առաջատար նվագախմբերի և դիրիժորների հետ. նա հանդես է եկել համաշխարհային նշանակության միջոցառումների շրջանակում, այդ թվում՝ այս տարի տեղի ունեցած ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։
2009 թվականին Time ամսագիրը Լանգ Լանգին ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։ Նա նաև Lang Lang International Music Foundation-ի հիմնադիրն է, որն ուղղված է երիտասարդ տաղանդների բացահայտմանն ու երաժշտական կրթության զարգացմանը։