Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-10/26. Մալխասյան, Քալիս, Թումանյան

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-10/26. Մալխասյան, Քալիս, Թումանյան

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականի վերջում և 2026 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո: 

Հայ գրականություն. Արմեն Մալխասյան,  «Վարազդատ Արշակունի. թագավորն ու օլիմպիական չեմպիոնը»

«Հայրենի պատմություններ» մատենաշարում ընդգրկված գեղարվեստական պատումները, որոնք հիմնված են իրական փաստերի վրա, մեկ անգամ ևս ընթերցողին կմոտեցնեն հայոց ինքնության և պատմության ճանաչմանը և վերարժևորմանը:

Մատենաշարի սույն գրքում հեղինակը յուրովի մոտեցմամբ ներկայացնում է դեռևս Մովսես Խորենացուց մեզ փոխանցված «Վարազդատ Արշակունի» առասպելը:

«Հայրենի պատմություններ» մատենաշարը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն. Նուրան Դավիթ Քալիս, «Լուսինը մեր արևն է»

Հոր մահից հետո Ալենը թողնում է դպրոցը և դառնում ակումբի դռնապան։ Նա երազում է փողի, Սեն Տրոպեի խնջույքների և Ջենովայում սեփական բար ունենալու մասին։ Նրա զարմիկն ընկնում է տհաճ պատմությունների մեջ, գաղտնի գործարքներ կնքում իր թիկունքում։ Այդժամ եղբայրությունը վերածվում է անվստահության, դավաճանության և բռնության։ Ալենի սիրելին՝ Ֆլոն, հեռանում է նրանից ու քաղաքից։ Ալենը մնում է մենակ՝ ասես մի զոմբի, օրվա ու գիշերվա, անցյալի ու ներկայի արանքում մնացած ստվեր։ Սակայն մի օր նրա մորեղբայրը պատմում է իրենց ընտանիքի ու նախնիների երկրում թաքցրած գանձի մասին։ Եվ Ալենը ճանապարհ է ընկնում դեպի այդ օտար հայրենիքը՝ Հայաստան։

Նուրան Դավիթ Քալիսն անպաճույճ լեզվով ու համարձակորեն պատմում է բորբոքված կարոտի, հանձնվելու և վերածնվելու մասին։ Նա վարպետորեն գծում է իր կերպարների հոգեբանական և սոցիալական դիմանկարները։

Վեպի վերնագիրը ոգեշնչված է Յան Դիլեյի և Moonbootica-ի համանուն երգից, ընդգծում է գրքի երաժշտական շերտը՝ հիփ-հոփի բիթերով լի։ Հուզիչ, դրամատիկ և ցնցող դեբյուտ է՝ վայրի ու կրքոտ, կոպիտ ու խենթ։ Թարգմանիչ՝ Մարիամ Գուրզադյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Մանկապատանեկան գրականություն. Աշխարհի ժողովուրդների հեքիաթները Հովհաննես Թումանյանի թարգմանությամբ

Հեքիաթները բոլորիս մանկության անբաժան ուղեկիցն են։ Ու հատկապես կարևոր, որովհետև դարերի ընթացքում կուտակած մարդկության հավաքական իմաստության ու երևակայության կրողը լինելով՝ դրանք ընթերցողի երևակայությունն են խթանում։ Չէ՞ որ գյուտեր ու հայտնագործություններ են արվել՝ դրանցով խանդավառված, քանի՜ անհնարին թվացող բաներ իրականություն են դարձել, պարզապես, քանի որ գտնվել են մարդիկ, որ տարված՝ հավատացել են դրանց ու իրականություն դարձրել։

«Աշխարհի ժողովուրդների հեքիաթները» շարքի առաջին գրքով ներկայացնում ենք հեքիաթների ընտրանի՝ Հովհաննես Թումանյանի թարգմանությամբ։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում