Ղարաբաղի շարժումը շարունակելը նշանակում է պատերազմ, ժողովուրդը պետք է ընտրություն կատարի. Նիկոլ Փաշինյան
7 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը պետք է ընտրություն կատարի՝ Հայաստանը շարունակո՞ւմ է ղարաբաղյան շարժումը, թե՞ չի շարունակում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։
«Ուզում եմ անդրադառնալ խաղաղության և պատերազմի թեմային՝ վերջին շրջանում իմ կողմից արվող շեշտադրումների տեսանկյունից։ Հիմա տեսեք, հայաստանյան իրականության մեջ, երբ տարբեր տեղերում և տարբեր առիթներով խոսք է գնում, ասում են Արցախի Հանրապետություն, ասում են արցախյան հիմնախնդիր և այլն, մենք պետք է հասկանանք այս խոսքի բարդ դարձվածքները, հասկանանք, թե ինչի մասին է խոսքը։ Այսինքն՝ խոսքն ունի արժեք և ունի հետևանք, խոսքը գործողություն է կամ գործողության պլան։ Եվ երբ այս արտահայտություններն օգտագործում ենք, մենք պետք է հասկանանք, թե որն է դրա հաջորդ քայլը։
Երբ այդ արտահայտությունը հնչում է՝ լինի դա եկեղեցու խորանից, լինի դա գիտական տրամաբանությամբ, լինի դա հանրային տրամաբանությամբ, լինի դա որևէ այլ տրամաբանությամբ, պարզապես չկա որևէ տարբերակ, որ դա ինչ-որ մի պահի չբերի կոնֆլիկտի։ Ես չեմ ասում վաղը կամ երկուշաբթի, բայց դա մի պահի բերելու է կոնֆլիկտի»,- ասել է վարչապետը։
Նա հավելել է, որ պետք է հստակ որոշում կայացվի՝ Հայաստանը շարունակո՞ւմ է ղարաբաղյան կոնֆլիկտը, թե՞ չի շարունակում, քանի որ հիմա քաղաքական դաշտն էլ դիրքավորվում է հենց այդ տրամաբանության մեջ՝ խաղաղության կուսակցություն, որն ասում է, որ ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի, և պատերազմի կուսակցություն, որն, ըստ էության, ուղղակի կամ անուղղակի ասում է, որ ղարաբաղյան շարժումը պետք է շարունակվի։
«Եվ ես հստակ ասում եմ, որ Կտրիճ Ներսիսյանը ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը, մնացածը՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և մյուսներ, տեղավորվում են այս տրամաբանության տակ։ Եվ մենք պետք է շատ հստակ ընտրություն կատարենք՝ Ղարաբաղի շարժումը շարունակո՞ւմ ենք, թե՞ չէ, եթե շարունակում ենք, դա նշանակում է նոր պատերազմ, չի կարող ուրիշ կերպ լինել։
Ընդ որում, 2020 թվականից առաջ էլ էր պատերազմ, պարզապես խաղաղությունն այնքան անծանոթ էր մեզ, որ մենք խաղաղությունն ու պատերազմն էլ իրարից չենք տարբերել, նոր ենք սկսում տարբերել։
Եվ մենք պետք է այս ընտրությունը կատարենք։ Մենք ասելով՝ նկատի ունեմ, որ ժողովուրդը պետք է այս ընտրությունը կատարի։ Ժողովուրդն առաջիկա ընտրություններով պետք է ասի՝ ինքը շարունակո՞ւմ է Ղարաբաղի շարժումը, թե՞ չի շարունակում։ Որովհետև, եթե շարունակում է Ղարաբաղի շարժումը, դա նշանակում է, որ պետք է քվեարկի Կտրիճ Ներսիսյանի բուրգի ներքո գտնվող ուժերի օգտին, եթե չի շարունակում Ղարաբաղի շարժումը, պետք է քվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որ ասում է՝ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք, երկրորդ այդպիսի ուժ գոյություն չունի»,- նշել է վարչապետը։
Նա հավելել է, որ ժողովուրդը նաև ավելի լայն շրջանակում պետք է որոշում կայացնի.
««Քաղաքացիական պայմանագիր»-ը միակ կուսակցությունն է, որն ասում է, որ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին պետք է հղում չլինի։ Ինչո՞ւ, որովհետև դա ոչ թե անկախության հռչակագիր է, այլ կոնֆլիկտի հռչակագիր է, որովհետև մենք դրանով ասում ենք, որ պետություն ենք ստեղծում ոչ թե մեր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունն ու ազատությունն ապահովելու համար, այլ մենք պետություն ենք հիմնում Լեռնային Ղարաբաղի և Արևմտյան Հայաստանի համար։ Սա կոնֆլիկտի հռչակագիր է, և եթե մենք գնում ենք այդ ճանապարհով, ուրեմն կոնֆլիկտն անխուսափելի է։ Եվ ամենօրյա հանրային քաղաքական կյանքում մենք այս հարցով պետք է որոշում կայացնենք։ Ես՝ որպես Հայաստանի վարչապետ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, հստակ ասում եմ՝ մենք չպետք է դա շարունակենք։
Հիմա գիտեմ, էլի կասեն, ու դեմ չեմ, թող ասեն՝ «բա էն ժամանակ Ղարաբաղի հետ կապված ինչ էիր ասում, չգիտեմ ինչի հետ կապված ինչ էիր ասում»։ Այո, ասում էի, ասում էի, և դա ցույց է տալիս, որ ես այդ իրականությունից կտրված չեմ եղել, ես այդ իրականության դեմ չեմ եղել, դա ցույց է տալիս, որ ես մաքսիմալն եմ արել այդ օրակարգերի համար։ Եվ դրա համար է, որ մեջբերել եմ Աստվածաշնչի մի կտոր՝ «Ձեզ համար փող հնչեցրին, բայց դուք չպարեցիք, ձեզ համար ողբ երգեցին, բայց դուք լացուկոծ չարեցիք»։ Այստեղ էլ խնդրում եմ այս խոսքի բարդ դարձվածքներն ընկալել, որովհետև չեմ ուզում մեկնաբանել. այն, ինչ եղել է, արդեն եղել է։ Խոսքն այն մասին է, թե ես ինչի մասին էի խոսում 2018 թվականին, 2019 թվականին, և այդ նույն մարդիկ ինչպես էին արձագանքում դրան։ Բայց այսօրվա եթերի իմաստը շատ հստակ է՝ խոսքն ունի ուժ, խոսքն ունի հետևանք, խոսքն ունի բովանդակություն և խոսքն իր մեջ գործողություն ունի։ Նրանք, ովքեր խոսում են Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքից, Ադրբեջանն էլ իր հերթին է ասում՝ մենք էլ ունենք մարդիկ, որոնք վերադարձի իրավունք ունեն, գիտեք, թե ինչ անունով են դա անվանում, ես չեմ ուզում դա կրկնել։
Մենք պետք է այդ միջավայրը հասկանանք, մյուս կողմից էլ մենք պետք է հասկանանք, որ մենք այսօր ֆիքսել ենք և ունենք խաղաղություն, հետևաբար ոչ մեկ չի խուսափելու այս ընտրությունից՝ Ղարաբաղի շարժումը շարունակո՞ւմ ենք, թե՞ չենք շարունակում։ Եթե շարունակում ենք, դա պատերազմ է, եթե չենք շարունակում, դա խաղաղություն է։ Եվ Խաղաղությունն ամեն օրվա հետ ուժեղանալու է և անկախությունն է ամեն օրվա հետ ուժեղանալու, ինքնիշխանությունն է ամեն օրվա հետ ուժեղանալու, Հայաստանի Հանրապետությունն է ամեն օրվա հետ ուժեղանալու, և ես առաջնորդում եմ այս շարժումը, ով համաձայն է՝ եկեք իմ հետևից»,- եզրափակել է Փաշինյանը։