Եթե Իրանը պարտվի ու մասնատվի, Թուրքիայի պրոբլեմները կբազմապատկվեն. թուրքագետ
6 րոպեի ընթերցում

Թուրքագետ Նելլի Մինասյանը կարծում է, որ Թուրքիան մերձավորարևելյան ընդհանուր գործընթացների հանդեպ ցուցաբերում է շատ մեծ զգայունություն և հետաքրքրություն, որովհետև այնտեղ շատ խնդիրներ դիտարկվում են նաև Թուրքիայի ազգային անվտանգության տեսանկյունից։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Նելլի Մինասյանն անդրադարձավ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմական գործողություններին և այդ համատեքստում այն հարցին, թե ինչպե՞ս է դիրքավորվել Թուրքիան և ինչ վերաբերմունք է ցուցաբերում Իրանի նկատմամբ։
«Թուրքիայի համար ամենազգայուն խնդիրը մասնավորապես կապված է քրդական գործոնի հետ, ինչն իր հերթին մերձավորարևելյան զարգացումների համատեքստում նույնպես շատ կարևոր տեղ է զբաղեցնում։ Թուրքիան անվտանգային խնդիրների տիրույթում է դիտարկում իր քաղաքականությունը նաև Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մղվող պատերազմի համատեքստում։ Թուրքիան փորձում է հնարավորինս հեռու մնալ այդ իրադարձություններից ու չներքաշվել պատերազմի մեջ, թեև դրա վտանգը կա։ Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ պաշտոնական Անկարան ձգտում է մեծ տեղ հատկացնել հակամարտության հանգուցալուծման դիվանագիտական ջանքերին, և այդ առումով Թուրքիայի ղեկավար շրջանակներն ավելի պրագմատիկ են գնահատում իրավիճակը և հանդես են գալիս միջնորդական առաքելությամբ»,- ասաց Մինասյանը։
Այդուհանդերձ, նա քիչ հավանական համարեց, որ թուրքական կողմի ջանքերը կպսակվեն հաջողությամբ, բայցև հավելեց, որ Անկարան տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ կշարունակի ծավալել որոշակի աշխատանքներ։
«Իրանում Թուրքիային ընկալում են որպես ՆԱՏՕ-ի անդամ և Միացյալ Նահանգների դաշնակից։ Հարյուրամյակներ շարունակ նշված երկու պետությունները եղել են ռազմավարական հակառակորդներ և այսօր էլ նրանց միջև ընթանում է մրցակցություն՝ տարածաշրջանում գերակա դիրքերի հասնելու և ազդեցիկ գործոն լինելու առումով։ Պարզապես նրանցից յուրաքանչյուրը գործում է իր հնարավորությունների սահմաններում։ Եթե դիտարկենք սիրիական իրադարձությունները, ապա ակնառու կդառնա այն իրողությունը, որ անգամ Թուրքիայի ու Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները մեծ հաշվով չիրականացան, և հենց Թուրքիայի կողմից աջակցություն ստացած ուժերը Սիրիայում եկան իշխանության։ Այդ ամենը հաշվի առան Թեհրանում»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։
Մինասյանը կարծում է, որ կա զուտ ընկալումների խնդիր, ըստ որի՝ Թուրքիան որոշ շրջանակների կողմից ընկալվում է որպես ամերիկյան ռազմավարության բաղկացուցիչ մաս, և բացի դրանից, հաշվի են առնվում նաև Թուրքիայի սերտ կապերն Իրանի հակառակորդ պետությունների, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի հետ։
Անդրադառնալով այն հարցին, թե որքանո՞վ Թուրքիային կհաջողվի պահպանել իր չեզոքությունը, և արդյո՞ք ինչ-որ հանգրվանում Միացյալ Նահանգները ճնշում չի գործադրի նրա վրա՝ պատերազմական գործողություններին մասնակից դարձնելու նկատառությամբ, Մինասյանն ընդգծեց, որ չեզոքությունն այսօրինակ խառը իրավիճակում շատ սահմանափակ է։
«Դա շատ լավ հասկանում են նաև Թուրքիայում, որտեղ ավելի շատ քննարկվում է ոչ թե բուն չեզոքության խնդիրը, այլ ռազմավարական ինքնուրույնության պահպանման հարցը։ Մինչ այս պահը Միացյալ Նահանգները որևէ ճնշում չի գործադրել Թուրքիայի վրա, սակայն այդ սցենարը պետք չէ բացառել։ Այդ հանգամանքը կախված կլինի իրադարձությունների հետագա զարգացումից։ Մյուս կողմից էլ Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի ազդեցիկ անդամներից մեկը, և այդ դաշինքի մյուս խոշոր անդամները ևս ռազմաբազաներ ունեն Մերձավոր Արևելքում և նույնպես ցուցաբերում են զսպվածություն։ Այսինքն՝ մինչև գործը չհասնի պատերազմի մեջ Հյուսիսատլանտյան դաշինքի ներքաշվելուն, չեմ կարծում, որ Թուրքիայի նկատմամբ կլինեն մեծ ճնշումներ»,- ասաց թուրքագետը։
Մինասյանը վկայակոչեց 2003 թվականի ամերիկա-իրաքյան հակամարտությունը, որի ժամանակ Թուրքիան դարձյալ թույլ չտվեց իր ցամաքային տարածքն օգտագործել դաշնակիցների կողմից, և հավելեց, որ պաշտոնական Անկարան ամենայն հավանականությամբ նման մոտեցում կցուցաբերի նաև այս պարագայում։
Իսկ ինչ վերաբերում է այն իրողությանը, որ Թուրքիայի տարածքը վերջին օրերին նույնպես ենթարկվեց հրթիռակոծման, մեր զրուցակիցը շեշտեց, որ Անկարան վարում է ճկուն քաղաքականություն և դժվար թե տրվի նման սադրանքներին, եթե, իհարկե չցանկանա մտնել որոշակի գործողությունների մեջ։
Իրանական կողմը հայտարարել է, որ չի թիրախավորել Թուրքիայի տարածքը և պատրաստ է իր հարևան երկրի հետ համատեղ հանձնաժողովի շրջանակում քննել վերջին հրթիռակոծումների հանգամանքները։
«Իրականում տեղի են ունենում շատ բարդ ու բազմաշերտ իրադարձություններ։ Այդուհանդերձ, եթե Իրանը պարտվի ու մասնատվի, ապա Թուրքիայի պրոբլեմները կբազմապատկվեն, մասնավորապես քրդական խնդրի տեսքով, որի հետ կապված մինչ օրս Թուրքիայում հնչում են լուրջ մտահոգություններ։ Անկարան կնախընտրի տարածքային ամբողջականությամբ միասնական Իրան, ինչի մասին թուրքական ղեկավարությունը արդեն իսկ հայտարարել է։ Իրանի մասնատման դեպքում ոչ մի երաշխիք չկա, որ նման խնդիրների չի բախվի նաև Թուրքիան»,- եզրափակեց Մինասյանը։
Իրանի դեմ Միացյալ Նահանգների ու Իսրայելի սկսած ռազմական գործողությունների առաջին 10 օրերի ընթացքում երկրում հարձակման է ենթարկվել տարբեր նշանակության մոտ 9 հազար օբյեկտ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը պետք է հնարավորինս արագ դադարեցվի՝ քանի դեռ ամբողջ տարածաշրջանը չի ներքաշվել լայնածավալ հակամարտության մեջ։
