Քաղաքականություն

Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում ընտրություններին միջամտելու վտանգի վերաբերյալ ԱՀԾ հայտարարությանը

3 րոպեի ընթերցում

Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում ընտրություններին միջամտելու վտանգի վերաբերյալ ԱՀԾ հայտարարությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության հայտարարությանն այն մասին, որ այլ երկրում Հայաստանի քաղաքացիների, գործարարների վրա ճնշումներ են գործադրվում, որպեսզի նրանք Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում աջակցություն ցուցաբերեն որոշ քաղաքական ուժերի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձավ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

Փաշինյանը նախ նշեց, որ այդ հայտարարությանը նախ պետք է իրավական գնահատական տրվի։ «Իսկ քաղաքական առումով ես արդեն ասել եմ, որ կասկած չունեմ՝ եթե տեսականորեն այդպիսի վիճակ լինի, ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների մեծ մասը կքվեարկի մեր օգտին»,- նշեց Փաշինյանը։

Հարցին, թե ինչո՞ւ Արտաքին հետախուզական ծառայության հայտարարության մեջ հստակ չի նշվել, թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը, վարչապետը պատասխանեց.

«Դա ինֆորմացիայի ծավալի և նպատակահարմարության հարց է։ Կարծում եմ՝ հետագայում ավելի մանրամասն պարզաբանումներ կլինեն՝ ըստ անհրաժեշտության»։

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը 2026 թվականի մարտի 10-ին հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ։ Ոստիկանությունը ԱՀԾ-ի հայտարարության հիման վրա հաղորդում էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե, որն էլ մարտի 11-ին հայտարարեց հաղորդման հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելու մասին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել էր շրջանառվող տեղեկություններին, թե Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը փորձում է Ռուսաստանում բնակվող և ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց ընտրություններից առաջ տեղափոխել Հայաստան, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին և քվեարկեն «Ուժեղ Հայաստան»-ի օգտին։ Փաշինյանն ասել էր, որ եթե նույնիսկ նման իրավիճակ լինի, ռուսաստանաբնակ հայերի մեծ մասը քվեարկելու է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, քանի որ նրանց արտագաղթելու հիմնական մեղավորը հենց նախկին իշխանություններն են։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում