Իրան

Շրի Լանկայի դատարանի որոշմամբ 84 իրանցի նավաստիների աճյունները կհանձնվեն Իրանի դեսպանատանը

2 րոպեի ընթերցում

Շրի Լանկայի դատարանի որոշմամբ 84 իրանցի նավաստիների աճյունները կհանձնվեն Իրանի դեսպանատանը

Շրի Լանկայի դատարանը վճռել է նախորդ շաբաթ կղզու ափերի մոտ ԱՄՆ զինված ուժերի կողմից իրանական ռազմանավի վրա հարձակման ժամանակ զոհված 84 նավաստիների մարմինները հանձնել Իրանի դեսպանատանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է France 24-ը։

IRIS Dena ռազմանավը Հնդկական օվկիանոսում խոցվել է ամերիկյան սուզանավի տորպեդո զենքով, երբ այն վերադառնում էր Հնդկաստանի կողմից կազմակերպված ռազմածովային վարժանքներից։

Շրի Լանկան և Հնդկաստանը ապաստան են տրամադրել ԱՄՆ-ի կողմից թիրախավորված կամ սպառնալիքի տակ գտնվող իրանական երեք ռազմանավերի 434 նավաստիների։ Երկու երկրները չեն մասնակցում Մերձավոր Արևելքում ընթացքող  պատերազմին և իրանցի նավաստիներին ընդունելու իրենց որոշումը պայմանավորել են մարդասիրական նկատառումներով։

«Մեր մոտեցումն այն է, որ յուրաքանչյուր կյանք նույնքան թանկ է, որքան մերը»,- հայտարարության մեջ նշել է Շրի Լանկայի նախագահ Անուրա Կումարա Դիսանայակեն։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը այս շաբաթ խորհրդարանում հայտարարել էր, որ Նյու Դելին կարծում է, որ «սա ճիշտ քայլ էր, և Իրանի արտաքին գործերի նախարարն իր երկրի երախտագիտությունն է հայտնել այս մարդասիրական քայլի համար»։

Մարտի 4-ին Շրի Լանկայի ափերի մոտ ամերիկյան սուզանավի կողմից հարձակման ենթարկված իրանական IRIS Dena նավի վրա շուրջ 130 նավաստի է եղել։ Դեպքի վայր ժամանած Շրի Լանկայի ռազմածովային ուժերի նավերը 32 վիրավոր իրանցի նավաստիների են փրկել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում