Մերձավոր Արևելք

Զելենսկին ցանկանում է մասնագետներ ուղարկել Մերձավոր Արևելք՝ իրանական դրոնների դեմ պաշտպանության հարցում օգնելու համար

2 րոպեի ընթերցում

Զելենսկին ցանկանում է մասնագետներ ուղարկել Մերձավոր Արևելք՝ իրանական դրոնների դեմ պաշտպանության հարցում օգնելու համար

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենք մշակում են ծրագիր՝ մասնագետների ուղարկելու Մերձավոր Արևելքի տարածաշրջան ու օգնելու այնտեղի երկրների պաշտպանվել իրանական դրոններից ու հրթիռներից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նախագահը գրել է X-ի իր էջում։

Նա տեղեկացրել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Միացյալ Արաբական Էմիրությունների, Կատարի, Հորդանանի, Բահրեյնի, Քուվեյթի ղեկավարների հետ՝  իր աջակցությունը հայտնելով նրանց։

«Նրանք բոլորը լուրջ մարտահրավերի առաջ են կանգնած և բացահայտ խոսում են դրա մասին. իրանական հարձակողական անօդաչու թռչող սարքերը նույն «շահեդներն» են, որոնք այս պատերազմի ընթացքում հարվածել են մեր քաղաքներին, գյուղերին և ուկրաինական ենթակառուցվածքներին:

Ուկրաինան կարող է նպաստել մարդկային կյանքերի պաշտպանությանը և իրավիճակի կայունացմանը: Գործընկերները դիմում են մեզ: Ես հանձնարարել եմ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարին՝ հետախուզական գործակալությունների, պաշտպանության նախարարի, մեր ռազմական հրամանատարության և Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի հետ միասին, ներկայացնել համապատասխան երկրներին օգնելու տարբերակներ և օգնություն ցուցաբերել այնպես, որ չթուլանա մեր իսկ պաշտպանությունն Ուկրաինայում»,- հայտարարել է Զելենսկին:

Նա ընդգծել է, որ ուկրաինացի զինվորականներն ունեն անհրաժեշտ կարողություններ ու պատրաստ են նպաստելու իրադրության կայունացմանը տարածաշրջանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում