«Համլետ. Collapse»-ը հորդորեց լինել. Ստանիսլավսկու անվան թատրոնում շեքսպիրյան ողբերգության նոր մեկնաբանությունն էր
7 րոպեի ընթերցում

Վիլյամ Շեքսպիրի ամենահայտնի պիեսներից մեկը՝ «Համլետ»-ը, դարեր շարունակ չի կորցնում արդիականությունը, քանի որ ստեղծագործությունն անդրադառնում է համամարդկային հարցերի, խոսում է սիրո, կրքի, դավաճանության, նվիրվածության, իշխանության տենչի և մի շարք այլ հարցերի մասին, որոնք մարդու կենսակերպն են։ Պիեսը բազմիցս տարբեր մեկնաբանություններ է ստացել Հայաստանի թատերական հարթակներում, իսկ այս անգամ «Համլետ»-ի հիման վրա բեմադրված ներկայացումը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում էր։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Համլետ. Collapse» ժամանակակից ներկայացումը և՛ այսօր է, և՛ երեկ, շոշափում է անցյալում և մեր օրերում ապրող մարդու խնդիրները։

Ներկայացման բեմադրիչ Սուրեն Շահվերդյանի համոզմամբ՝ այսօրվա Համլետը պետք է տարբերվի Շեքսպիրի նկարագրած Համլետից. ժամանակակից Համլետը գերծանրաբեռնված է տեղեկատվությամբ և համաձայն չէ այն ամենի հետ, ինչ կատարվում է մեր աշխարհում։
«Այսօրվա Համլետն իսկապես լուրջ վախեր ունի։ Համլետը, որին նկարագրում եմ, պրոբլեմներով լի երիտասարդ է. մեզնից յուրաքանչյուրն է, ով գիտակցում է, որ մեղքեր է գործել: Նրա վերջին մենախոսությունը հենց այդ մասին է։ Ասում է, որ ինքն է մեղավոր. մեղավոր է, որ չի տեսնում դիմացինի ցավը և խնդիրը, չի փորձում ձեռք մեկնել, օգնել և հանել այն կեղտից, որում հայտնվում ենք ոչ մեր կամքով»,-ընդգծում է բեմադրիչը։
Շահվերդյանը շատ արդիական է համարում այսօր ապրելու, չապրելու, լինելու կամ չլինելու խնդիրը. համակերպվե՞լ, լինե՞լ այն իրականության մեջ, որը մեզ շրջապատում է, թե՞ փորձել փոխել մեր իրականությունը։ Այն Համլետը, որին բեմ է բերում Շահվերդյանը, ինչ-որ առումով առնչվում է նաև բամադրիչի հետ, նրա անձնական ցավի և նրա խնդիրների հետ։

«Ես նույնպես, ինչպես և շատերը, ունեմ չլուծված խնդիրներ, մեղքի զգացում ինչ-որ մեկի հանդեպ։ Հավանաբար, դա ծանր բեռի պես մինչև կյանքի վերջ պետք է քարշ տանք բոլորս։ Այլ խնդիր է, երբ դու գիտակցում ես դա ու փորձում ես շտկել, փոխել քեզ, տեսակդ և օգտակար լինել հասարակությանն ու բնությանը։ Մեր ներկայացման Համլետն իսկապես այս իրականության և մեր հասարակության արտացոլանքն է: Խոսքը մարդու մասին է, որը փառքի, հարստության հետևից վազելով՝ մոռանում է կարևոր արժեքների մասին»,-շեշտում է Սուրեն Շահվերդյանը։
Համլետի դերակատար Գոռ Համբարձումյանն ընդգծեց՝ Համլետն իր վերջին մենախոսության մեջ ասում է՝ գոնե մեկը փրկվեց։

«Կարծում եմ՝ հանդիսատեսը հասկացավ դա, և նրանցից մեկը փրկվեց։ Սա ներկայացում է փրկության մասին։ Սա դասական «Համլետ»-ը չէ, Շեքսպիրի դասական գործը չէ, փոփոխված է, և վերջին դրվագն էլ խոսում է այն մասին, որ դժվարությունների, խնդիրների, աշխարհի փոփոխությունների ֆոնին պետք է մարդ մնալ, հավատալ Աստծուն և փրկվել՝ ընտրելով լինելու ճանապարհը»,-շեշտեց դերասանը։
Համբարձումյանն ավելի վաղ խաղացել է Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման մեջ, մարմնավորել է Մերկուցիոյին և մեծ պատիվ է համարում Համլետի դերում հանդես գալը։
«Սա ուսուցողական կերպար էր ինձ համար։ Համլետին ընդունեցի և փորձեցի ներկայացնել նրան։ Հուսամ՝ ստացվեց»,-նշեց նա։
Դերասանուհի Նարինե Պետրոսյանը երկար տարիներ աշխատել է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, իսկ վերջին շրջանում հաճախ է համագործակցում տարբեր թատրոնների հետ։ Խոստովանեց՝ որքան ազատ ես, որքան շատ ռեժիսորների, թատերախմբերի հետ ես աշխատում, այնքան ավելի ճկուն ես դառնում։

«Սիրով եմ ընդունել այս թատրոնում խաղալու հրավերը, քանի որ ինձ համար ևս մեկ նշաձող էր ռուսերեն լեզվով խաղալը՝ չնայած փորձեր եղել են։ Յուրաքանչյուր դերասանուհու համար շեքսպիրյան դերերը երազելի են։ Կարծում էի՝ ինձ համար մի քիչ վաղ է Համլետի մորը՝ Գերտրուդին մարմնավորելը, մտածում էի՝ հինգ կամ տասը տարի անց ավելի համապատասխան կլինեմ դերին, բայց առաջարկը կար, ինչո՞ւ հրաժարվել»,-ասաց նա։
Ըստ Պետրոսյանի՝ «Համլետ»-ը շարունակում է ապրել, քանի որ արծարծում է թեմաներ, որոնք միշտ ակտուալ են՝ իշխանության տենչ, սեր, կիրք, հայրեր և որդիներ, կին և տղամարդ հարաբերություններ, շողոքորթություն և այլն։
«Աշխարհում լայն ճանաչում վայելող պիեսների պարագայում մարդիկ ոչ թե գալիս են թատրոն դասական ներկայացում դիտելու, այլ գալիս են՝ տեսնելու տվյալ թատրոնի և տվյալ ռեժիսորի մեկնաբանությունը։ Բոլորս գիտենք այս պատմության սյուժեն, ուղղակի ամեն անգամ ուզում ենք տեսնել, թե ինչպես են այն մեկնաբանում»,-նշեց դերասանուհին։
Վերադառնալով Գերտրուդի կերպարին՝ Նարինե Պետրոսյանն ընդգծեց՝ Գերտրուդի մոտ «բացակայում է մայրությունը», նա եսասեր է, կենտրոնացած է իր ցանկությունների վրա, նրա կապը որդու հետ շատ թույլ է։

Դերասանուհին փորձում է հասկանալ մարդկանց, չքննադատել։
«Մարդիկ կարող են լինել Գերտրուդի պես, կամ ավելի վատը, բայց լավ է, որ վերջում թագուհին զղջում է իր անտարբերության, ոչ հասուն վարքագծի համար»,-եզրափակեց Պետրոսյանը։
«Համլետ. Collapse»-ը ցնցող ժամանակակից ողբերգություն է՝ հիմնված Վիլյամ Շեքսպիրի «Համլետ» պիեսի վրա, որտեղ խելագարությունն այլևս ընտրություն չէ, այլ քայքայվող համակարգի ախտանիշ։
Ներկայացման մեջ թունավոր իրականությունն է, որտեղ իշխանությունը ճնշում է վախով, սերը՝ խեղում, իսկ ընտանիքը վերածվում է դավաճանների։ Ճշմարտությունը զենք է, սուտը՝ վիրուս, և մարդկությունը դանդաղ մեռնում է սեփական պատրանքների մեջ։
Համլետը փորձում է շնչել բռնության, մանիպուլյացիայի և լիակատար վերահսկողության աշխարհում, բայց յուրաքանչյուր քայլ նրան ավելի է մոտեցնում կործանմանը։
Ներկայացումը պատռում է դիմակները՝ բացահայտելով արդիականության տգեղ նորմը, և ստիպում է հանդիսատեսին ընդունել՝ ոչ միայն Համլետն է խելագար, այլև ամբողջ աշխարհը, որը ստեղծել ենք»,-ասվում է ներկայացման նկարագրության մեջ։
