4 րոպեի ընթերցում
Հայաստանի կառավարությունը յուրաքանչյուր տարի գնաճի չափով թոշակները բարձրացնելու որոշում կընդունի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իջևանում բնակիչների հետ հանդիպմանն այդ մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Ես որոշում եմ կայացրել։ 2027 կամ 2028 թվականից, դա կորոշենք․․․քանի որ մենք եկել թոշակների առումով հասել ենք սպառողական զամբյուղին, հիմա, որպեսզի հետ չգնանք, մենք ամեն տարի առնվազն գնաճի չափով կավելացնենք թոշակը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները՝ կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այս օրերին այցելում են ՀՀ մարզեր, բացի ներկուսակցական միջոցառումներ անցկացնելուց, շփվում են նաև բնակիչների հետ, լսում նրանց խնդիրները։
Մարտի 1-ին ՔՊ ներկայացուցիչները վարչապետի գլխավորությամբ այցելել են Տավուշի և Լոռու մարզեր։
Այցից հետո վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում թիմակիցների հետ ամփոփել է այցի, բնակիչների հետ շփումների արդյունքները։
Փաշինյանն անդրադարձել է ընդդիմադիրների և փորձագիտական որոշ շրջանակների կողմից իշխանության հասցեին հնչող քննադատությանն առ այն, թե միջազգային լարված իրադրության պայմաններում Փաշինյանը թիմակիցների հետ կարկանդակ կամ եգիպտացորեն ուտելու տեսանյութեր է հրապարակում։
«Ես տպավորություն ունեմ, որ այս միջազգային իրադրության հետ կապված մեր ընդդիմադիրներն ու փորձագիտական որոշ շրջանակներ հաց ուտելն ու ջուր խմելը թողել են, որովհետև մենք շատ մեծ քննադատության ենք արժանանում նրա համար, թե ինչու ենք սնվել։ Ես կարծում եմ՝ լավ էքսպերիմենտ կլինի, որպեսզի կշռենք և տեսնենք՝ մեր ընդդիմադիր գործիչները չոր ծո՞մ են պահել։ Պետք է արձանագրենք, որ վերջին երկու օրերին մեր ընդդիմությունը և փորձագիտական որոշ շրջանակներ չեն ուտում հաց, այդ թվում՝ իրենց համար սովորական սև խավիարը և քյաբաբը ու ցնցումների մեջ են ընկել, որ մենք, ասենք, կարող ենք կարկանդակ կամ եգիպտացորեն ուտել»,- ասել է վարչապետը։
Վարչապետն անդրադարձել է նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանը՝ շեշտելով, որ մարզերում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ինքը զգացել է, որ առողջության ապահովագրության շահառու թոշակառուները հիմա ավելի հանգիստ են իրենց զգում, քանի որ գիտեն՝ առողջական խնդիր ունենալու դեպքում իրենց խնդիրն ապահովագրության շրջանակներում կլուծվի։
ՀՀ վարչապետը խոսել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր ակնկալիքներից։
«Մենք մեր քաղաքացիներից չենք էլ թաքցնում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պարզապես մեծամասնություն ունենալը մեզ համար բավարար չէ, և մենք ակնկալում ենք, որ իրենք իրենց քվեով կապահովեն, որպեսզի մենք մեր քաղաքականությունները շարունակելու համար ունենանք սահմանադրական մեծամասնություն»,- նշել է ՀՀ վարչապետը։
ՔՊ կուսակցության ներկայացուցիչները ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում մարտի 1-ին եղել են Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան համայնքներում, Ոսկեպար վնակավայրում, ինչպես նաև Լոռու մարզի Վանաձոր և Ալավերդի համայնքներում։ Փետրվարի 28-ին էլ ՔՊ կուսակցության անդամները վարչապետի գլխավորությամբ այցելել էին Ամավիրի ու Արարատի մարզեր։