ՀԷՑ-ի երկու սպասարկման սրահներ «Տաշիր» և «Ռիո» առևտրի կենտրոններից կտեղափոխվեն նոր հասցեներ
2 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին ՀԷՑ-ի գործող երկու սպասարկման սրահներ «Տաշիր» եւ «Ռիո» առեւտրի կենտրոններից կտեղափոխվեն դրանց անմիջական հարեւանությամբ տեղակայված երկու նոր հասցեներ՝ Երվանդ Քոչարի 19/19 և Հրաչյա Քոչարի 13Ա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։
«Տարիներ ի վեր ՀԷՑ-ը «Տաշիր» առևտրի կենտրոնում տեղակայված իր սպասարկման սրահի վարձակալության համար վճարել է իր իսկ սեփականատերերին ամսական 2.184.550 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ): Մոտակայքում վարձակալած նոր տարածքի համար այսուհետ ՀԷՑ-ը կվճարի ամսական ընդամենը 666.000 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ):
«Ռիո» առևտրի կենտրոնում ՀԷՑ-ի սրահն իր իսկ սեփականատերերից վարձակալված է ամսական 2.564.000 ՀՀ դրամով (հարկերը ներառյալ), այսուհետ նույն ծառայությունները կմատուցվեն մոտակայքում տեղակայված՝ ՀԷՑ-ի սեփականությունը հանդիսացող վարչական շենքի տարածքում, որի համար ՀԷՑ-ն այլեւս որեւէ վճարում չի կատարի»,– գրել է Ռոմանոս Պետրոսյանն՝ ընդգծելով, որ միայն այս երկու որոշումների արդյունքում ՀԷՑ-ում կխնայվի տարեկան լրացուցիչ շուրջ 49 մլն ՀՀ դրամի միջոցներ։
