Հայաստան

Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի

2 րոպեի ընթերցում

Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի

Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն տեղի չի ունենա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ 

«Սիրելի՛ քաղաքացիներ, ցանկանում եմ անդրադառնալ մի քանի օր առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ժամանակացույցին և դրա բովանդակությանը։

Պետք է նշեմ, որ այն խնդրահարույց է գնահատվել ոչ միայն ձեզնից շատերի, այլև կառավարության կողմից, և օպերատիվ ձևով հրավիրվել է խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ։ Տեղի է ունեցել քննարկում, և որոշում է կայացվել՝ կասեցնել ժամանակացույցի գործողությունը։ Խնդիր է ձևակերպվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ջրային կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացնելու լրացուցիչ ուսումնասիրություններ, որի արդյունքում կհրապարակվի 2024 և 2025 թվականների նկատմամբ լավարկված և բարելավված ջրամատակարարման ժամանակացույց։

Նման պնդման համար հիմք են հանդիսանում վերջին տարիներին եռապատկված ծավալով իրականացված կապիտալ աշխատանքները Երևանում և մարզերում։ Շարունակական աշխատանքներ են տարվում ինչպես գործող ենթակառուցվածքների արդիականացման, այնպես էլ նոր հայտնաբերված ջրաղբյուրների միջոցով Երևան մղվող ջրածավալների ավելացման ուղղությամբ», - գրել է նա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում