Քաղաքականություն

Հայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են փոխգործակցության շրջանակի և երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են փոխգործակցության շրջանակի և երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության և Զիմբաբվեի Հանրապետության միջև տեղի են ունեցել առաջին քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Զիմբաբվեի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մշտական քարտուղար Ալբերտ Չիմբինդիի գլխավորությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ խորհրդակցություններին նախորդել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Զիմբաբվեի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ օրակարգի ընդլայնման, այդ թվում՝ գյուղատնտեսության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կարողությունների զարգացման և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարներին:

Զրուցակիցներն ընդգծել են բազմակողմ հարթակների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում  երկու երկրների միջև փոխգործակցության շրջանակի ընդլայնման և առկա  համագործակցության խորացման կարևորությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է 2026 թվականի  Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացման հարցում Հայաստանի առաջնահերթությունները: Կարևորվել է  Համաժողովի ընթացքում ներառական և բազմաշահառու մասնակցության ապահովումը կենսաբազմազանության և բնապահպանության հարցերի շուրջ արդյունավետ և թիրախային քննարկումների անցկացման համար: ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է նաև COP17-ի շրջանակներում նախատեսվող Առաջնորդների գագաթնաժողովի կարևորությունը:

ՀՀ ԱԳՆ-ից նշում են, որ զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացին և Անդրսահարյան Աֆրիկայում տեղի ունեցող վերջին զարգացումներին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում