Կրթություն

Անգլերենի ուսուցում՝ նոր ձևաչափով. մեկնարկել է «The Magic of English» մրցույթը

3 րոպեի ընթերցում

Վերջին տարիներին հաճախ է հնչում հարցը՝ ինչպես սովորեցնել անգլերեն այնպես, որ այն չլինի միայն դասագրքային ու գնահատականի համար, այլ դառնա իրական հմտություն։ «Կորիզ» կրթական ծրագիրը և Global Bridge կրթահամալիրը համատեղ գալիս են այդ բացը լրացնելու՝  նոր համադպրոցական նախաձեռնության՝ «The Magic of English» անգլերենի մրցույթի շրջանակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնակցությունը բաց է Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցների 3–9-րդ դասարանի աշակերտների համար։

«Կորիզ» կրթական ծրագրի ղեկավար Սուրեն Ալոյանը նշեց, որ միասին ուզում էին ստեղծել մի այնպիսի մշակույթ, որտեղ անգլերեն սովորելը կլինի խաղի, ժամանցի  ուրախ տարբերակ:

«Առաջին հերթին անհրաժեշտ է մուտք գործել koreez.am, մտնել The Magic of English անգլերենի մրցույթի էջ, գրանցվել, ամրագրել մասնակցությունը, որից հետո ներբեռնել հավելվածը և սկսել պատրաստվել մրցույթին։ Այնուհետև համակարգը կտեղեկացնի, թե երբ կլինի առաջին մրցութային փուլը։ Առաջին փուլը կամփոփվի, կանցնենք երկրորդ փուլ, իսկ երկրորդ փուլից հետո երրորդ փուլով կեզրափակվեն և կընտրվեն լավագույնները, որոնք կմասնակցեն շոու-մրցանակաբաշխությանը»,-նշեց Սուրեն Ալոյանը:

Այս հավելվածը ոչ միայն հնարավորություն է տալու ընկերական մրցակցելու, այլ հնարավորություն է տալու նոր կրթական հավելվածի միջոցով սովորել լեզու՝ անկախ նրանից, թե աշակերտը անգլերենի իմացության որ մակարդակում է:

Մրցույթը պաշտոնապես մեկնարկեց փետրվարի 20-ին, գրանցվել հնարավոր կլինի մինչև ապրիլի 4-ը, որին կհաջորդեն մրցութային փուլերը, իսկ նոյեմբերի 5-ին տեղի կունենա «Կորիզ» կրթական մրցանակաբաշխությունը, որտեղ յուրաքանչյուր տարիքային սեգմենտի լավագույն 10 աշակերտները  կստանան իրենց  մրցանակները:

Global Bridge կրթահամալիրի տնօրենի խոսքով՝ սա անգլերենի մրցույթ և ուսուցողական հարթակ է, որը  հիմնված է քեմբրիջյան կրթական ծրագրերի և ուսուցման մոտեցումների վրա։

«Այսօր անգլերենը պարզապես պարտադիր առարկա չէ, այն լեզու է, որով աշակերտը ճանաչում է աշխարհը, բացահայտում է տարբեր մշակույթներ, շփվում է իր հասակակիցների հետ տարբեր երկրներից և կարողանում է վստահորեն արտահայտել իր մտքերը: Մենք չենք ուզում պարզապես հաղթողների որոշել, մենք երեխաներին սովորեցնում ենք, որ պետք չէ վախենալ խոսելուց, սխալվելուց, նորից փորձելուց։ Իրականում ամենամեծ հաղթանակը ոչ միայն անգլերենի իմացությունն է, այլ նաև այն վստահությունը, որ երեխաների մոտ ձևավորվում է սովորելու ճանապարհին»,- ասաց նա։  

Կողմերը վստահեցնում են՝ իրենց  նպատակն է, որ երեխաները ոչ միայն պատասխանեն հարցերի, այլև սկսեն մտածել անգլերեն, հասկանան լեզուն և կիրառեն այն տարբեր իրավիճակներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում