Եվրոպա

ԱՄՆ-ն ափսոսում է, որ Վատիկանը հրաժարվել է մասնակցել Խաղաղության խորհրդին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ափսոսում է, որ Վատիկանը հրաժարվել է մասնակցել Խաղաղության խորհրդին

ԱՄՆ վարչակազմն ափսոսում է, որ Վատիկանը հրաժարվել է մասնակցել Գազայի հատվածում իրադրության կարգավորման համար ստեղծված Խաղաղության խորհրդի աշխատանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը մամուլի ասուլիսում, որի տեսանյութը տարածել է The Associated Press գործակալությունը:

«Կարծում եմ՝ դա խորին ափսոսանք է հարուցում.... Անշուշտ, վարչակազմը ցանկանում է, որ Խաղաղության խորհրդին բոլոր հրավիրվածները մասնակցեն դրան, որովհետև Խաղաղության խորհուրդը վերահսկում է այն հատվածի վերակառուցումը, որտեղ չափազանց երկար ժամանակ եղել է բռնություն, արյունահեղություն, աղքատություն։ Նախագահը շատ խիզախ և հավակնոտ ծրագիր և տեսլական ունի՝ վերակառուցելու Գազայի հատվածը», - ասել է նա՝ մեկնաբանելով Սուրբ Աթոռի որոշումը:

Լևիթը հավելել է, որ Խաղաղության խորհուրդն օրինական կազմակերպություն է, որի կազմի մեջ են մտնում տասնյակ երկրներ:

«Եվ մենք կարծում ենք, որ այդ որոշումն ափսոսանք է առաջացնում», - ընդգծել է նա:

Լևիթը նաև ասել է, որ հարկ չկա քաղաքականացնելու այն հարցերը, որոնք վերաբերում են խաղաղության հաստատմանն ու պահպանմանը:

Սուրբ Աթոռի որոշման մասին ավելի վաղ հայտարարել էր Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը: Նա նշել էր, որ կան հանգամանքներ, որոնք փոքր-ինչ «տարակուսանքի մեջ են գցում, որոշ կրիտիկական հարցեր, որոնք պարզաբանում են պահանջում»:

Հունվարի 22-ին շուրջ 20 երկրի ներկայացուցիչներ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ստորագրել են Խաղաղության խորհրդի կանոնադրությունը, որն ի սկզբանե ստեղծվել էր Գազայի հատվածի խնդրի խաղաղ կարգավորման համար։ Հետագայում Վաշինգտոնը հայտարարեց, որ խորհուրդը կզբաղվի նաև այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելմամբ և կարգավորմամբ։

Խաղաղության խորհրդի առաջին նիստը կկայանա փետրվարի 19-ին։ Նիստին մասնակցելու համար ԱՄՆ է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում