Ռուբիոն բանակցություններ է վարել Կանադայի ԱԳ նախարարի հետ՝ առևտրային գործարքի համաձայնեցումից հետո
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կանադայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անիտա Անանդի հետ քննարկել է տնտեսական հարաբերությունները՝ երկու երկրների կողմից նոր առևտրային համաձայնագրի համաձայնեցումից հետո, որը կանխել է լրացուցիչ մաքսատուրքերի սահմանումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին Ռուբիոն հայտնել է X հարթակի իր էջում։
«Հանդիպում եմ անցկացրել Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդի հետ՝ ամրապնդելու ԱՄՆ-Կանադա համակարգումը մեր կիսագնդում երկու կողմերին հետաքրքրող անվտանգության և տնտեսական առաջնահերթությունների շուրջ», - գրել է Ռուբիոն:
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը նշել է, որ կողմերը քննարկել են նաև Արկտիկայի անվտանգության հարցերը, իրավիճակը Կուբայում և համատեղ օգնությունը Վենեսուելային երկրաշարժից հետո:
Օգոստոսի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Կանադան համաձայնեցրել են առևտրային գործարքը: Դրանից մեկ օր առաջ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները երեք օրով դադարեցնում է կանադական ապրանքների համար նախատեսվող 50% մաքսատուրքերը:
Bloomberg-ը, վկայակոչելով աղբյուրներ, նշել է, որ առևտրային գործարքը նախատեսում է Միացյալ Նահանգների կողմից կանադական պողպատի և ալյումինի նկատմամբ մաքսատուրքերի կիսով չափ նվազեցում, գործարքի մյուս պայմանների մասին առայժմ մանրամասներ հայտնի չեն: