Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ի շուրջ 80 անդամ երկիր դատապարտել է Իսրայելի ծրագիրն՝ ընդլայնելու վերահսկողությունն Արևմտյան ափում

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի շուրջ 80 անդամ երկիր դատապարտել է Իսրայելի ծրագիրն՝ ընդլայնելու վերահսկողությունն Արևմտյան ափում

ՄԱԿ-ի ավելի քան 80 անդամ պետություն դատապարտել է Արևմտյան ափի նկատմամբ վերահսկողությունն ընդլայնելու և պաղեստինյան տարածքի որոշ հատվածներ որպես «պետական սեփականություն» գրանցելու Իսրայելի ծրագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

«Մենք խստորեն դատապարտում ենք իսրայելական միակողմանի որոշումներն ու միջոցառումները, որոնք ուղղված են Արևմտյան ափում Իսրայելի անօրինական ներկայությունն ընդլայնելուն», - փետրվարի 17-ին հայտարարել է ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիյադ Մանսուրը՝ խոսելով 85 անդամ պետությունների կոալիցիայի և մի քանի միջազգային կազմակերպության անունից։

Նա շեշտել է, որ նման որոշումները հակասում են միջազգային իրավունքի շրջանակներում Իսրայելի ստանձնած պարտավորություններին և պետք է անհապաղ չեղյալ հայտարարվեն։

«Մենք վերահաստատում ենք, որ մերժում ենք բոլոր միջոցառումներն՝ ուղղված 1967 թվականից օկուպացված պաղեստինյան տարածքների, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմի ժողովրդագրական կազմի, բնույթի և կարգավիճակի փոփոխմանը», - ասել է նա՝ հավելելով, որ նման միջոցառումները խախտում են միջազգային իրավունքը, խաթարում են տարածաշրջանում խաղաղության և կայունության համար շարունակական ջանքերը և վտանգում խաղաղության համաձայնագրի հասնելու հեռանկարը։

Համատեղ հայտարարությունը ստորագրող կողմերի թվում են Ավստրալիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Պակիստանը, Ռուսաստանը, Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եվրամիությունը, Արաբական պետությունների լիգան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը։

Ավելի վաղ Իսրայելը որոշում էր կայացրել Արևմտյան Ափի մոտ 60%-ը զբաղեցնող C տարածքում հողերի գրանցման գործընթաց սկսել։ Պաղեստինյան կողմն այս միջոցառումները դիտարկում է որպես Արևմտյան ափի պաշտոնական անեքսիա, որը կխաթարի ՄԱԿ-ի կողմից հավանության արժանացած երկու պետության բանաձևով կարգավորումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում