Մշակույթ

Երկխոսություն Հայաստանի և Հունաստանի միջև. լույս է տեսել «Մշակույթների հանդիպում» գիրքը

4 րոպեի ընթերցում

Երկխոսություն Հայաստանի և Հունաստանի միջև. լույս է տեսել «Մշակույթների հանդիպում» գիրքը

«Մշակույթների հանդիպում» գիրքը՝ միտված խթանելու հայ և հույն ժողովուրդների  փոխըմբռնումն ու համագործակցությունը, ներառում է անտիկ աշխարհի առակախոս Եզոպոսի չորս առակ՝ հունարեն, հայերեն և ռուսերեն թարգմանություններով։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 16-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, ստեղծվել է Երևանի «Պոնտի» հունական համայնքի և ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի համատեղ նախաձեռնությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ  նախարարության Ազգային փոքրամասնությունների լեզվի միջազգային օրվան նվիրված  նախագծային ծրագրի շրջանակում։

Նկարազարդումները կատարել են համայնքի, դպրոցի և Մինաս Ավետիսյանի արվեստի դպրոցի սաները՝ ստեղծելով յուրօրինակ մշակութային կամուրջ։

Շնորհանդեսին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շեշտեց՝ միջոցառմանն է մասնակցում նաև որպես ՀՀ վարչապետին կից ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի անդամ։

«Մեր երկրի համար ազգային փոքրամասնություններն ու կրոնի հարցերն առանցքային են ու կարևոր։ Հայաստանում պաշտոնապես 12 ազգային փոքրամասնություն կա։ Նրանց ընդունում ենք որպես բարեկամ ժողովուրդների և տարբեր ինստիտուցիոնալ կառույցների միջոցով օգնում ենք պահպանել ու հանրահռչակել նրանց մշակույթը, լեզուն, ավանդույթներն ու սովորույթները»,-ասաց Դանիելյանն ու հավելեց՝ Հայաստանն ու Հունաստանը պետական մակարդակով են բարեկամներ, և երկու երկրների ներկայացուցիչների վեճերը հիմնականում վերաբերում են ազգային խոհանոցներին, փորձում են հասկանալ, թե որ խոհանոցն է ավելի համեղ։

Անդրադառնալով նախագծային աշխատանքին, որի շրջանակում ստեղծվել է գիրքը, փոխնախարարն ասաց, որ այն առաջին հերթին թիմային աշխատանք է։ «Նախագծային աշխատանքի միջոցով դպրոցում ստացած գիտելիքները կարողանում ենք վերածել պրակտիկ աշխատանքի։ «Մշակույթների հանդիպում» հրաշալի վերնագրով և հրաշալի բովանդակությամբ գիրքն աշակերտների մտքի ու գաղափարների հանդիպումն է»,-ընդգծեց Դանիել Դանիելյանը։

«Հերացի» դպրոցի մանկավարժ Ջուլիետա Եղոյանը խոստովանեց՝ թեման շատ մոտ է եղել իր և աշակերտների սրտին։ «Աշակերտներին հետաքրքրում էր, թե երբ և ինչպես են հույները եկել Հայաստան, ինչով են զբաղվել ու աշխատել։ Հունաստանը միայն անտիկ պատմություն, միֆոլոգիա չէ, որոնց հանդիպում ենք դասագրքերում,  Հունաստանը մարդիկ են, որոնք ապրում են մեր կողքին, մարդիկ են և նրանց ճակատագրերը։ Մեր աշխատանքում մեզ շատ օգնեց հանդիպումը հունական համայնքի ներկայացուցիչների հետ։ Այդ ընթացքում հասկացանք, թե որքան մոտ ենք մենք և թե որքան ընդհանուր բաներ կան հույների և հայերի միջև»,-ասաց Եղոյանն ու հավելեց՝ աշխատանքի ընթացքում ավելի լավ են ճանաչել հույներին, ծանոթացել են նրանց պատմությանը, ավանդույթներին և հույների ներդրմանը Հայաստանի զարգացման գործում։

Ըստ մանկավարժի՝ հետազոտական նախագիծը վերածվել է մշակութային երկխոսության, իսկ հետո՝ բարեկամության։

Հունական համայնքի ներկայացուցիչներն էլ ընդգծեցին, որ Խնկո Ապոր անվան գրադարանի ընտրությունը պատահականություն չէ. Խնկո Ապոր շնորհիվ Եզոպոսի առակները ճանաչելի են դարձել հայ ընթերցողին։

Երևանի հունական համայնքը գործում է 1990-ականներից։ Այս տարիներին համայնքը կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ՝ սիրով դեպի Հունաստանն ու երկրի մշակույթը։

«Մշակույթների հանդիպում» գրքի վաճառքից ստացված հասույթի մի մասը կուղղվի  «Զինվորի տուն» հիմնադրամին և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հունական համայնքի երեխաներին՝  նպաստելով նրանց կրթական ու ստեղծարար մտքի զարգացմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում