ԱՄՆ-ն Հարավային Կովկասում իր քաղաքականությունը կառուցում է հավասարակշռության սկզբունքի վրա. Արմեն Պետրոսյան
5 րոպեի ընթերցում
Քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը կարծում է, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջանային այցի ամենագլխավոր առանձնահատկությունը հավասարակշռվածությունն էր՝ թե՛ արդյունքների, թե՛ հնչեցրած հռետորաբանության մասով, ինչը բավականաչափ ուշագրավ է ու կարևոր։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արմեն Պետրոսյանն անդրադարձավ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարած այցերին, Հայաստան- Միացյալ Նահանգներ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարին։
Պետրոսյանի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում իր քաղաքականությունը կառուցում է հենց հավասարակշռության սկզբունքի վրա։ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների և ԱՄՆ-ի փոխնախագահի միջև ստորագրվեց մեկական պայմանագիր, ինչպես նաև հայտարարվեց ռազմական առումով երկու կողմերի հետ էլ համաչափ համագործակցություն ծավալելու մասին։
«Ամերիկյան կողմը պատրաստ է Հայաստանին վաճառել հետախուզական նշանակության անօդաչու թռչող սարքեր, իսկ Ադրբեջանին վաճառել ռազմական մոտորանավակներ։ Այդ առումով մոտեցումը նույնպես համաչափ է։ Այցի տևողության և արարողակարգի առումով ևս կարելի է գալ նույն եզրակացության։ Հայաստանում Վենսն այցելեց Ծիռեռնակաբերդի հուշահամալիր, իսկ Բաքվում՝ Շահիդների պուրակ։ Վենսի տարածաշրջանային այցը կառուցված էր Հայաստանի ու Ադրբեջանի հետ, որպես միջնորդ, հավասարակշռված աշխատելու տրամաբանության վրա։ Դրան ականատես եղանք նաև նախորդ տարվա օգոստոսի 8-ից հետո ԱՄՆ-ի վարած տարածաշրջանային քաղաքականության և Հայաստանի ու Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների ողջ դինամիկայի արդյունքում»,- նշեց քաղաքական վերլուծաբանը։
Անդրադառնալով ԹՐԻՓՓ նախագծի գործարկման հեռանկարին՝ Պետրոսյանն ընդգծեց, որ այդ նախագծի վերաբերյալ ավելի լայն պատկերացում կազմվեց հունվարին Հայաստանի և Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև ստորագրված փաստաթղթով։
«ԹՐԻՓՓ-ի մասով իրավիճակը բավականաչափ կանխատեսելի է։ Վերջնական փոխհամաձայնեցման փուլում են գտնվում նախագծի իրավական և տեխնիկական դետալները։ Կարելի է ասել, որ նախագիծն արդեն մեկնարկել է, որովհետև Հայաստանում է գտնվում մասնագիտական մի խումբ, որը Մեղրիում փորձագիտական ուսումնասիրություններ է իրականացնելու նախագծի առանձին բաղադրիչների իրականացման մասով։ Քաղաքական բանակցությունների մակարդակում նույնպես տեսանելի է առաջընթաց։ Դա նկատվում է ինչպես Հայաստան-ԱՄՆ, այնպես էլ Ադրբեջան ԱՄՆ և Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ընթացքում։ Իսկ բուն շինաշխատանքների մեկնարկը կախված է նախագծային ու տեխնիկական բաղադրիչների հստակեցումից և նախագծի ֆինանսավորումից»,- մանրամասնեց Պետրոսյանը։
Քանի որ տարածաշրջանային տնտեսական մեգածրագրերի իրագործումը կապված է նաև կայուն խաղաղության հետ, մեր զրուցակիցն ընդգծեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման առումով քննարկվում են տարբեր սցենարներ։
«Գործընթացն առաջ մղելու առումով, գուցե, ԱՄՆ-ի միջնորդությամբ լինի նախ խաղաղության պայմանագրի ստորագրում 2026 թվականի առաջին կիսամյակում, իսկ հետո վավերացում ավելի տևական ժամանակում։ Ադրբեջանական կողմն իր նախապայմաններից չի հրաժարվում, և հենց այդ պատճառով էլ Բաքուն դեռ չի պատրաստվում ստորագրել պայմանագիրը։ Հիմա թե ինչ ճկունություն կարձանագրվի, դա պայմանավորված է ինչպես Ադրբեջանի քաղաքական ղեկավարության մոտեցումներով, այնպես էլ Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերով։ Հնարավոր է լինեն տարբեր սցենարներ»,- եզրափակեց Պետրոսյանը։
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում։ Այցի շրջանակում նա հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի արդյունքներով ստորագրվել է «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱՄՆ-ի կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն»-ը։ Փետրվարի 10-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով մեկնեց Ադրբեջան, որտեղ նա և նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը: