Ռազմական

Բանակում չկա բարձր պատրաստվածություն ունեցող զինվորական, որը լավ չի վարձատրվում. Պապիկյան

2 րոպեի ընթերցում

Բանակում չկա բարձր պատրաստվածություն ունեցող զինվորական, որը լավ չի վարձատրվում. Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում անդրադարձել է ընդդիմության կողմից հնչող քննադատություններին զինծառայողների վարձատրության վերաբերյալ։

«Հասկանում եմ, որ ընդդիմության գործը քննադատելն է, բայց երբ խոսում եք հավասարությունից, այո՛, բանակում շատ կարևոր է օրենքի առաջ բոլորի հավասար լինելը, բայց նույնքան կարևոր է, որ մարդիկ իրենց աշխատանքի և պատրաստության մակարդակին համապատասխան գումար ստանան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց Պապիկյանը։  

Նախարարի խոսքով՝ հնարավոր չէ նույն կերպ գնահատել «պարզապես համազգեստ հագնող» և բարձր պատրաստվածություն ու պատրաստակամություն ունեցող զինվորականին։

Նա անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու են հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները ավելի բարձր վարձատրվում, քան թիկունքային աշխատողները։

«Պատճառը ռիսկայնությունն է, կյանքի հետ կապված ռիսկերով պայմանավորված գործոնը, ֆիզիկական պատրաստվածության մակարդակը»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ տարբերությունը պայմանավորված է ծառայության բնույթով և վտանգավորության աստիճանով։

Պապիկյանի խոսքով՝ ներկայում ստեղծված համակարգերը և մեխանիզմները հավասարապես հասանելի են բոլոր զինծառայողների համար, և չկա զինվորական, ով բարձր պատրաստվածություն ունի, բայց չի գնահատվում կամ չի վարձատրվում։

Նախարարն անդրադարձավ նաև զինվորական համազգեստի և կոշիկների թեմային՝ արձագանքելով ընդդիմության քննադատություններին։

«Մեր նոր համակարգով բոլորը միանման են լինելու, միագույն են լինելու։ ՆԱՏՕ-ական բանակներում ևս նույն կոշիկները տարբեր երանգներ են ունենում, բայց մենք անցնում ենք միասնական համակարգի»,– ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ առաջիկայում հնարավորություն կլինի առավել մանրամասն ներկայացնել կատարվող փոփոխությունները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում