24-25 տարեկան զինծառայողների համար ստեղծվում է լրացուցիչ նյութական մոտիվացիա․ Սուրեն Պապիկյան
3 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը նպատակ ունի խթանել պայմանագրային զինվորական ծառայությունը, հատկապես՝ 24-25 տարեկան զինծառայողների շրջանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշեց, որ նախագծով վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը։
«Մասնավորապես՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողները ատեստավորված կհամարվեն ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ նշանակվել են ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխան պաշտոնի։
Միևնույն ժամանակ, Հայաստանի ռազմաուսումնական հաստատություններն ավարտած և համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողները ևս ատեստավորված կհամարվեն ավարտական քննությունների արդյունքներով։ Երկու դեպքում էլ հավելավճարը կհաշվարկվի պաշտոնի նշանակման օրվանից»,- ասաց նախարարը։
Պապիկյանի խոսքով՝ ներկայում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ավելի քան 4000 պարտադիր ժամկետային զինծառայող արդեն անցել է պայմանագրային ծառայության, և այս հոսքը աճի միտում ունի։
Նախագծով առաջարկվում է նաև, որ հնգամյա առաջին պայմանագրի ավարտից հետո նոր պայմանագիր կնքող զինծառայողները ստանան պատվովճար՝ 2 տարվա պայմանագրի դեպքում՝ 1.5 մլն դրամ, 5 տարվա պայմանագրի դեպքում՝ 5 մլն դրամ։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ կարգավորման նպատակն է ստեղծել լրացուցիչ նյութական մոտիվացիա հիմնականում 24-25 տարեկան զինծառայողների համար՝ շարունակելու ծառայությունը և ձևավորելու արհեստավարժ զինված ուժեր ունենալու կառավարության տեսլականը։
«Այս զինծառայողները դիտարկվում են որպես պրոֆեսիոնալ բանակի հիմնական կրողներ, որոնց աշխատանքային գործունեությունը կապվում է պայմանագրային զինվորական ծառայության հետ»,– նշեց Պապիկյանը։
Նրա խոսքով՝ տեսլականն այն է, որ երկրորդ պայմանագրից հետո՝ առավելագույնը 30 տարեկանում և մինչև 10 տարվա զինվորական ծառայության ստաժով, նշված զինծառայողների մեծամասնությունը շարունակի ծառայությունը զինված ուժերում։