Հայաստան - Միացյալ Թագավորություն հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակում են. Խուդաթյանն ու Քոուլը քննարկում են ունեցել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, Դավիթ Խուդաթյանը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների շարունակական զարգացումը։

Դեսպանն իր հերթին ընդգծել է՝ Հայաստան - Միացյալ Թագավորություն հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակում են։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրեր։

Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ ՏԿԵ նախարարությունը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է իրականացնում և շատ ցանկալի կլինի այդ ծրագրերում, միջազգային մրցույթներում տեսնել ՄԹ ընկերությունների։

Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության Խաչմերուկ» նախաձեռնությանը։

Երկուստեք կարևորվել է հունիս ամսից Երևան - Լոնդոն ուղիղ չվերթների մեկնարկը, որը հնարավորություն կտա էլ ավելի զարգացնել երկու երկրների հարաբերություններն ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ զբոսաշրջության ուղղությամբ։

Հայերեն English Русский