Միացյալ Նահանգներ

Թրամփը սպառնացել է խոչընդոտել ԱՄՆ-ի և Կանադայի միջև կամրջի բացմանը

2 րոպեի ընթերցում

Թրամփը սպառնացել է խոչընդոտել ԱՄՆ-ի և Կանադայի միջև կամրջի բացմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կխոչընդոտի Կանադայի Օնտարիոյի նահանգից դեպի ԱՄՆ-ի Միչիգանի ​նահանգ կամրջի բացմանը, մինչև ԱՄՆ-ն չստանա կամրջի սեփականության իրավունքի կեսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

Թրամփը նշել է, որ Կանադան է կամրջի և՛ կանադական, և՛ամերիկյան հատվածի սեփականատերը։

«Ես թույլ չեմ տա, որ այս կամուրջը բացվի, մինչև Միացյալ Նահանգները չստանա լիարժեք փոխհատուցում մեր կողմից նրանց տրված ամեն ինչի համար, և, ամենակարևորը, մինչև Կանադան Միացյալ Նահանգներին չվերաբերվի այն արդարությամբ և հարգանքով, որին մենք արժանի ենք։ Մենք անմիջապես կսկսենք բանակցություններ։ Հաշվի առնելով այն ամենը, ինչ մենք նրանց տվել ենք՝ մենք, հավանաբար, պետք է դառնանք այս ակտիվի առնվազն կեսի սեփականատերը», - գրել է Թրամփը։

Նա ստեղծված իրավիճակի համար մեղադրել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային՝ նշելով, որ նա է թույլ տվել, որ Կանադան կարողանա շրջանցել «Գնել ամերիկյան» օրենքի գործողությունը և չներմուծել ամերիկյան ապրանքներ, ինչի պատճառով տուժում են ամերիկյան արտադրողները։

ԱՄՆ նախագահը ևս մեկ անգամ քննադատել է Չինաստանի հետ առևտրային համաձայնագիր կնքելու Կանադայի իշխանությունների մտադրությունը՝ նշելով, որ Չինաստանը «ողջ-ողջ կուտի Կանադային»։

Կամուրջը կկապի ԱՄՆ Միչիգանի նահանգի Դետրոյթ քաղաքը Կանադայի Օնտարիոյի նահանգի Վինձոր քաղաքի հետ։ Կամրջի շինարարության արժեքը գնահատվում է ավելի քան 4 միլիարդ դոլար։ Շինարարությունը ֆինանսավորվում է Կանադայի դաշնային կառավարության կողմից, և ակնկալվում է, որ վճարները կծածկեն այդ ծախսերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում