Ինչպես են ընթացել Իրան-ԱՄՆ բանակցություններն Օմանում, և ինչու դրանք չեն կայացել Ստամբուլում. մասնագետների վերլուծությունը

7 րոպեի ընթերցում

Չնայած Իրանի միջուկային ծրագրի շուրջ Օմանում կայացած բանակցություններին և դրանց վերաբերյալ Թեհրանի ու Վաշինգտոնի դրական արձագանքներին՝ այդուհանդերձ, կողմնորոշումների միջև հակասությունները դեռ պահպանվում են։    

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Էմմա Բեգիջանյանը՝  անդրադառնալով Օմանում կայացած իրանա-ամերիկյան բանակցությունների հերթական փուլին և միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձանության գալու հավանականությանը։

«Երկու կողմերն էլ իրենց դիրքերը զիջելու մտադրություն չունեն, թեև համաձայնել են շարունակել բանակցությունները։ Արդյունքների շուրջ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա։ Ավելին, Իրանի արտգործնախարարը մտահոգություն հայտնեց իրանական կողմին հնարավոր քայլեր պարտադրելու առթիվ, ինչը Թեհրանի համար անընդունելի է և կարող է հետքայլ արձանագրել բանակցություններոմ։ Արտգործնախարարը պնդեց, որ իրենք նահանջելու մտադրություն չունեն և հետայսու ևս ուրանի հարստացման գործընթացն իրականացնելու են բացառապես խաղաղ նպատակներով»,- նշեց Բեգիջանյանը։

Նա հավելեց, որ իրանական կողմը պատրաստ է բանակցել միայն ուրանի հարստացման տոկոսների շուրջ և մտադիր չէ 60 տոկոս հարստացված ուրանը հանել երկրից դուրս, թեև Ռուսաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է ընդունել ուրանի պաշարները։ Իրանագետի կարծիքով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև այս պահին համաձայնության գալու հավանականությունը քիչ է։

«Փորձագետների դիտարկմամբ՝ երկու կողմերն էլ ունեն այնպիսի համոզմունք, որ եթե պատերազմ սկսվի, այն կարող է աղետալի լինել ոչ միայն Իրանի ու ԱՄՆ-ի, այլև ողջ Մերձավոր Արևելքի համար։ Այդուհանդերձ, միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնության գալու հեռանկարն այս պահին մշուշոտ է։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնելու է Միացյալ Նահագներ, որտեղ խորհրդակցելու է նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Իսրայելը շահագրգռված չէ, որ տվյալ հարցում համաձայնագիր ստորագրվի և շարունակ դրդում է ԱՄՆ-ին ճնշում գործադրել Իրանի վրա»,- ասաց իրանագետը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ոչ վաղ անցյալում Իրանի հետ բանակցում էին ԱՄՆ-ն և եվրոպական ազդեցիկ երկրները, իսկ այսօր այդ ձևափաչը չի գործում՛ Բեգիջանյանն ընդգծեց, որ Իրանն ի սկզբանե հակված էր հարցը լուծել Միացյալ Նահանգների ու ԵՄ-ի հետ համատեղ բանակցություններում, սակայն ռուս-ուկրաինական պատերազմում Իրանի դիրքորոշման առթիվ հարաբերություններն Արևմուտքի հետ խիստ լարվեցին, ինչի պատճառով էլ այդ ձևաչափով բանակցությունների արդյունավետությունն անմիջապես նվազեց։

«Բացի դրանից, վերջին շրջանում ԵՄ-ի կողմից Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու հանգամանքը վերջին կաթիլն էր, ինչից հետո Իրանը երես թեքեց ԵՄ-ից։ Բայց եթե Իրանն, այնուամենայնիվ, համաձայնության գա ԱՄՆ-ի հետ, ապա դա նույնպես կընկալվի հարցի լուծում։ Իրանը նույնիսկ նախորդ «5+1» ձևաչափի շրջանակում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առջև ստանձնած բոլոր պարտականությունները կատարում էր, սակայն ԱՄՆ-ն անսպասելիորեն դուրս եկավ ձևաչափից։ Արևմուտքն Իրանին չվստահելու միակ դրդապատճառը համարում է այն, որ այդ երկիրը որոշ ժամանակ տեղյակ չէր պահել ուրանի հարստացման գործընթացի մասին։ Իրանն իր հերթին հավաստիացնում է, որ ուրանի օգտագործումն անհրաժեշտ է ոչ միայն էներգետիկ, այլ բժշկական և գիտական նկատառումներով, և որ ինքն առաջնորդվում է միջազգային իրավունքով»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Բեգիջանյանի դիտարկմամբ՝ հավաքական Արևմուտքն ու հատկապես Իսրայելը անհանգստացած են այն իրողությունից, որ իրանական կողմն արդեն ուրանը հարստացրել է 60 տոկոսով և մոտ է միջուկային զենք ստեղծելուն, եթե, իհարկե, ունենա նման մտադրություն։ Մյուս կողմից իրանագետը հիշեցրեց, որ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեին, որի որոշումները սովորաբար բեկման ենթակա չեն, ժամանակին հատուկ կրոնական հրովարտակով ազդարարեց, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի։

Հատկանշական է, որ վերջին օրերին հայտարարություններ եղան այն մասին, որ Իրան-ԱՄՆ բանակցությունների հերթական փուլը կարող էր անցկացվել Ստամբուլում, սակայն իրանական կողմի խնդրանքով դրանք տեղափոխվեցին Օման։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թուրքական հարթակը բանակցելու համար քննարկվող հնարավոր տարբերակներից մեկն էր, սակայն իրանական կողմն իր նկատմամբ Թուրքիայի մոտեցումներում նկատել է որոշակի փոփոխություններ։

«Թեև Թուրքիան ներիրանական վերջին զարգացումների վերաբերյալ պահպանեց զսպվածություն՝ աջակցելով ներկայիս իշխանություններին, բայց մյուս կողմից էլ, երբ Իրանի շուրջ ամերիկյան ճնշումն ուժեղացավ, Թուրքիան սկսեց փոխել իր մոտեցումները՝ դրանով իսկ Թեհրանում անվստահություն առաջացնելով իր քաղաքականության նկատմամբ։ Հիմա տեսնում ենք, որ Իրանում փորձ է արվում հակակառավարական ևս մեկ ալիք բարձրացնել, և եթե նախորդ անգամ Թուրքիան փակել էր իր սահմանը՝ թույլ չտալով ահաբեկչական խմբավորումների ներթափանցում հարևան երկիր, ապա այսօր իրավիճակը փոխվում է։ Թուրքիան դուրս մնաց բանակցություններից, ինչը վկայում է այն մասին, որ այլևս չի ընկալվում որպես չեզոք պետություն, այլ դիտարկվում է որպես արևմտյան կոալիցիայի մաս»,- նշեց Սաֆրաստյանը։     

Թեհրանը և Վաշինգտոնը փետրվարի 6-ին վերսկսել են միջուկային բանակցություններն Օմանում։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, որը գլխավորում էր Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններում, ասել է, որ բանակցությունները լավ սկիզբ են՝ հավելելով, որ դրանց շարունակությունը կախված է մայրաքաղաքներում կայանալիք խորհրդակցություններից։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է, որ դիվանագիտությունը մնում է Թեհրանի հիմնական ռազմավարությունը՝ վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Նա ընդգծել է, որ Իրանի միջուկային քաղաքականությունը ղեկավարվում է միջազգային իրավունքով և «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրում ամրագրված իրավունքներով։ Իրանի նախագահը հավելել է, որ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանի բարեկամ կառավարությունների աջակցությամբ, քայլ առաջ էին։

Մեկնաբանելով բանակցությունները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Միացյալ Նահանգները շատ լավ բանակցություններ է ունեցել Իրանի հետ, և Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցությունների երկրորդ փուլը կանցկացնեն հաջորդ շաբաթ։

Հայերեն Русский

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը

Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ

Վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով

Վենսը Կոնգրեսում դժվարին ընտրություններ է կանխատեսում հանրապետականների համար

Կոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին՝ ընդգծելով վերջինիս անձնական դերը Հայաստան-Վրաստան հարաբերությունների ամրապնդման գործում

Ազովի ծովում հունիսի 5-ին նավերի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ադրբեջանի ևս 2 քաղաքացի է մահացել

«Զուլալի»-ն՝ բեմում. Պարոնյանի անվան թատրոնում տեղի է ունեցել Նարինե Աբգարյանի նովելի համանուն ներկայացման պրեմիերան

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը