Շվեյցարիայի ԱԳ նախարարի նկատմամբ հայց է ներկայացվել Միջազգային քրեական դատարան
2 րոպեի ընթերցում

25 շվեյցարացի փաստաբաններից բաղկացած խումբը հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ մեղադրելով Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսին պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությանը մեղսակից լինելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Swissinfo-ն։
Հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է, որ Շվեյցարիան շարունակում է Իսրայելից ներմուծել ռազմական օգտագործման համար պիտանի ապրանքներ, որ Շվեյցարիայի ռազմական համագործակցությունն Իսրայելի հետ չի դադարեցվել, և որ Շվեյցարիան բավարար քայլեր չի ձեռնարկել Գազայում հակամարտության ճակատագրական սրացումը կանխելու համար:
Շվեյցարիայի ԱԳ նախարարությունն այս առնչությամբ հայտարարել է, որ ի գիտություն է ընդունել հայցը։ Գերատեսչությունը նաև նշել է, որ Դաշնային խորհրդի (Շվեյցարիայի կառավարության) դիրքորոշումը հստակ է։ 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից և Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Շվեյցարիան հետևողականորեն հավատարիմ է հետևյալ առաջնահերթություններին՝ անհապաղ և երկարատև հրադադար Գազայում, բոլոր պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակում և Գազայի հատված մարդասիրական օգնության անարգել մուտք։
«Շվեյցարիան անդադար կոչ է անում խստորեն պահպանել միջազգային իրավունքը», - նշվել է ԱԳ նախարարության դիրքորոշման մեջ։