Աշխարհ

Նոր Զելանդիան կներկայացնի մինչև 16 տարեկան երեխաների կողմից սոցցանցերից օգտվելն արգելող օրինագիծ

2 րոպեի ընթերցում

Նոր Զելանդիան կներկայացնի մինչև 16 տարեկան երեխաների կողմից սոցցանցերից օգտվելն արգելող օրինագիծ

Նոր Զելանդիայի վարչապետ Քրիստոֆեր Լաքսոնն օգոստոսի 24-ին հայտարարել է, որ իր կուսակցությունը խորհրդարան կներկայացնի օրինագիծ, որով առաջարկվում է արգելել 16 տարեկանից ցածր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից։ Օրենքը չկատարելու դեպքում սոցիալական հարթակների նկատմամբ տուգանքներ կսահմանվեն՝ դրանց համաշխարհային եկամտի մինչև 10 տոկոսի չափով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, օրինագիծը սոցիալական ցանցերի հարթակներից կպահանջի ողջամիտ քայլեր ձեռնարկել օգտատերերի տարիքը ստուգելու համար, այդ թվում՝ օգտվելով օգտահաշվի տվյալներից, դեմքի ճանաչման տեխնոլոգիայից և թվային նույնականացման փաստաթղթերից։

«Մենք պարզապես չենք կարող ընդունել այն վնասը, որը հասցվում է Նոր Զելանդիայի երեխաների մի ամբողջ սերնդին։ Սոցիալական ցանցերը նրանց ներկայացնում են վնասակար բովանդակություն, կախվածություն առաջացնող տեխնոլոգիաներ և այնպիսի ճնշումներ, որոնց երեխաները պատրաստ չեն դիմակայելու, և դա ազդում է նրանց ընտանեկան կյանքի, հոգեկան առողջության, քնի և կրթության վրա»,- ասել է Լաքսոնը հայտարարության մեջ։

Դեռևս պարզ չէ՝ օրինագիծը խորհրդարանում ընդունվելու համար բավարար աջակցություն կստանա, թե ոչ, քանի որ Լաքսոնի կոալիցիոն գործընկերներից մեկը՝ «New Zealand First» կուսակցությունը, հայտարարել է, որ չի աջակցի դրան։

Դեկտեմբերին Ավստրալիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն արգելեց 16 տարեկանից ցածր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից՝ սահմանափակելով նրանց հասանելիությունը TikTok-ի, YouTube-ի, ինչպես նաև Meta-ի կազմի մեջ մտնող Instagram-ի և Facebook-ի նկատմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում