Հայաստան

Կատարելագործվում է պատժի պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը՝ համաներման փոխարեն․ նախարար

2 րոպեի ընթերցում

Կատարելագործվում է պատժի պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը՝ համաներման փոխարեն․ նախարար

Հայաստանում համաներում նախատեսված չէ, փոխարենը Կառավարությունը կենտրոնանում է պատժի պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կատարելագործման վրա՝ որպես անհատականացված մոտեցման հիմնական գործիք։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Բազմիցս ինձ ուղղվել է հարց՝ համաներում լինելու է, թե ոչ։ Ես ասել եմ ո՛չ։ Փոխարենը, մենք կենտրոնանում ենք անհատականացնող մեթոդների վրա, և պատժի պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը հենց այդ մեթոդներից է»,– ասաց նախարարը։

Սրբուհի Գալյանի խոսքով՝ նախարարությունը բարելավում է համապատասխան զեկույցների որակը, ինչը հնարավորություն կտա դատարաններին ավելի հաճախ կիրառել պայմանական վաղաժամկետ ազատումը։

Նախարարը ներկայացրել է նաև վիճակագրական տվյալներ՝ ընդգծելով, որ այս ոլորտում արդեն արձանագրվել են դրական միտումներ։

«Այս տարի պայմանական վաղաժամկետ ազատվել է 170 անձ, մինչդեռ նախորդ տարի այդ թիվը կազմել էր 138։ Եթե չեմ սխալվում, այս տարի մեկ դեպքով ցմահ ազատազրկված է ազատվել, իսկ նախորդ տարիներին հինգից ավելի նման դեպքեր են եղել»,– նշեց նա։

Գալյանը հավելեց, որ անհատական մոտեցումը վերաբերում է ոչ միայն ցմահ ազատազրկվածներին, այլ պատիժ կրող բոլոր անձանց և ներառում է նաև պատժի կրման պայմանների բարելավումը՝ անվտանգության գոտիների փոփոխության միջոցով։

«Այս տարի արդեն տասնյակից ավելի որոշումներ են կայացվել հօգուտ պատիժ կրող անձանց՝ անվտանգության գոտիներ տեղափոխման հարցով։ Այս քաղաքականությունը, միանշանակ, շարունակելու ենք»,– ասաց նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում