Հունգարացի փորձագետը խորհրդանշական ժեստ է համարում ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամից 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրումը
8 րոպեի ընթերցում
Հունգարիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, փորձագետ Պետեր Կրանիցը Եվրամիության խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրվելիք 20 միլիոն եվրո աջակցությունը խորհրդանշական ժեստ և բարի կամքի դրսևորում է համարում։ Փորձագետը, սակայն, մատնանշում է, որ այդ աջակցությունը Հայաստանի համար վճռորոշ ռազմական աջակցություն չէ, և ոչ էլ կարող է էականորեն փոխել ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասում։
Հունգարացի փորձագետը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով հունվարի 28-ին Եվրոպական խորհրդի նիստում ԵՄ անդամ 27 պետությունների կայացրած որոշմանը, որով նրանք հավանություն են տվել ԵՄ խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո աջակցություն տրամադրելուն։
Այս որոշմանը նախորդել էր Հայաստանին այդ աջակցությունը հատկացնելու վերաբերյալ Հունգարիայի համաձայնությունը․ Բուդապեշտը մինչ այդ օգտվում էր իր վետոյի իրավունքից՝ արգելափակելով աջակցության տրամադրումը։
«Նախևառաջ պետք է նշել, որ սա ոչ մահացու ռազմական օգնություն է, որը կարող է ներառել անձնական պաշտպանիչ միջոցներից կամ վառելիքից մինչև ուսումնական և առաջին բուժօգնության պարագաներ: Եվրոպական խաղաղության հիմնադրամի ֆինանսական առավելագույնը 17 միլիարդ եվրո է, ուստի հունվարին հաստատված 20 միլիոն եվրոն և 2024 թվականին տրամադրված 10 միլիոն եվրոն միասին կազմում են ընդհանուր բյուջեի ընդամենը 0.1 տոկոսը: Սա Հայաստանի համար վճռորոշ ռազմական աջակցություն չէ, և ոչ էլ էականորեն կփոխի տարածաշրջանային ստատուս քվոն: Այս պահին այս աջակցությունը խորհրդանշական ժեստ է և բարի կամքի դրսևորում»,-ընդգծել է հունգարացի փորձագետը:
Նրա բնորոշմամբ՝ այնուամենայնիվ, կա մի կարևոր ու հատկանշական հանգամանք, որն անհրաժեշտ է նկատի ունենալ․ «Հաշվի առնելով այն փաստը, որ չորս տարածաշրջաններում՝ Արևմտյան Բալկաններում, Արևելյան Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում հիմնադրամից ֆինանսական օգնություն է ստացել ընդամենը 11 երկիր, և միայն վեց պետությունների զինված ուժերն են ավելի մեծ աջակցություն ստացել, քան Հայաստանը, հեշտ է հասկանալ, որ Եվրամիությունը և դրա անդամ պետությունները Հարավային Կովկասը համարում են գերակա նշանակություն ունեցող աշխարհառազմավարական տարածաշրջան, իսկ Հայաստանը՝ հիմնական և պոտենցիալ ռազմավարական տարածաշրջանային գործընկեր»:
Փորձագետի խոսքով՝ եթե այս միտումը շարունակվի և Հայաստանին տրամադրվող եվրոպական միջոցները շարունակեն հոսել ու կրկնապատկվել յուրաքանչյուր մեկուկես տարին մեկ, Հայաստանը կարող է դառնալ Եվրոպական խաղաղության հիմնադրամի երրորդ ամենամեծ բաժնեմասը ստացողը՝ երեք տարվա ընթացքում զիջելով միայն Ուկրաինային և Մոլդովային։
Անդրադարձ կատարելով հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստան-Հունգարիա հարաբերությունների վրա Եվրոպական խորհրդի կողմից Երևանին աջակցություն տրամադրելու հարցում Բուդապեշտի համաձայնությունը՝ Կրանիցը մատնանշել է, որ հայ և հունգարացի ժողովուրդները Հունգարիայում համակեցության մեջ են՝ սկսած 13-րդ դարից, իսկ միջպետական հարաբերությունները 800 տարվա պատմություն ունեն, իսկ նման պատմական և արդյունավետ հարաբերությունները շատ են գնահատվում թե՛ Բուդապեշտում, թե՛ Երևանում:
«Այս տարի Հունգարիան և Հայաստանը բացում են իրենց դեսպանատները երկու երկրների մայրաքաղաքներում, և երկու կառավարություններն էլ շատ են աշխատում երկկողմ հարաբերությունները վերականգնելու համար, որոնք վնասվել են վերջին տարիներին: Խաղաղության հիմնադրամի այս հարցը մեր երկկողմ հարաբերություններում ամենակարևոր անհարմարություններից մեկն էր, ուստի ժամանակն էր խորհրդանշական քայլ անել միմյանց ուղղությամբ և հաղթահարել այն: Ե՛վ Հունգարիան, և՛ Հայաստանը, և՛ նրանց եվրոպական ու տարածաշրջանային գործընկերները հասկանում են, որ 20 միլիոն եվրոյի ոչ մահացու օգնությունը ընդամենը խորհրդանշական ժեստ է, հիմք է համատեղ շահերի այլ ուղղություններով հետագա համագործակցության համար»,-ասել է Պետեր Կրանիցը։
Փորձագետն ընդգծել է, որ, այնուամենայնիվ, Հունգարիայի կառավարությունն ունի դիրքորոշում, որը վերջին տարիներին մշտապես հետևողական և հստակ է եղել՝ մնալով անփոփոխ։
«Եթե Եվրամիությունը ցանկանում է Հարավային Կովկասում դառնալ աշխարհաքաղաքական դերակատար, ապա այն պետք է աջակցի տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը՝ միաժամանակ, մնալով ազնիվ միջնորդ և չեզոք գործընկեր իր բոլոր տարածաշրջանային գործընկերների համար։ Ահա թե ինչու է, որ Բուդապեշտն այդքան զգույշ էր ռազմական օգնության տրամադրման գործում անկողմնակալ մնալու հարցում և պնդում էր, որ Բրյուսելը նուրբ և հավասարակշռված մոտեցում ցուցաբերի՝ Ադրբեջանին նույն գումարը տրամադրելով ականազերծման աշխատանքների համար»,-զրույցի ընթացքում նշել է փորձագետը:
Պետեր Կրանիցի խոսքով՝ եթե ապագայում ԵՄ-ի կողմից Հայաստանին առաջարկվող ռազմական օգնությունը բազմապատկվի, Հունգարիայի կառավարությունը կբարձրացնի իր երկար ժամանակ պահպանվող դիրքորոշումն անկողմնակալության վերաբերյալ:
«Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են խաղաղության, կայունության և բարգավաճման պատմական հնարավորության շեմին, և ցանկացած տարածաշրջանային դերակատարի կողմից անպատասխանատու կլինի խախտել ուժերի նուրբ հավասարակշռությունը: Ադրբեջանը մնում է և կմնա Հունգարիայի ռազմավարական գործընկեր, ինչպես Թուրքիան կամ Վրաստանը, և Հունգարիան Հայաստանին նույնպես համարում է հավանական ռազմավարական գործընկեր, բայց գործընկերությունը պահանջում է ամուր հիմքեր։ Եթե ուզում եք, որ այդ գործընկերությունը լինի ամուր ու կայուն, ապա այդ հիմքերը ևս պետք է լինեն ամուր և կայուն»,-եզրափակել է հունգարացի փորձագետը:
Հայաստանը 2024 թվականի հուլիսին Խաղաղության եվրոպական հիմնադրամից մեկ անգամ 10 միլիոն եվրո էր ստացել՝ դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը ներառում էր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։
2025 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Խաղաղության եվրոպական հիմնադրամից աջակցություն ստանալու երկրորդ հայտն է ներկայացրել։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ Հունգարիան արգելափակել է Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 20 միլիոն եվրո տրամադրելու որոշումը, իսկ ավելի ուշ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հաստատել էր, որ Հունգարիան արգելափակել է այդ որոշումը, սակայն շեշտել էր, թե Հունգարիան դեմ չէ, որպեսզի Հայաստանն աջակցություն ստանա Խաղաղության եվրոպական հիմնադրամից, բայց նույնչափ աջակցություն էլ, ըստ Սիյարտոյի, պետք է ստանա Ադրբեջանը։ Սիյարտոն շեշտել էր, որ Եվրամիությունը պետք է հաշվի առնի իրավիճակի անկայունությունը, ինչպես նաև այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտեցել են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։
2025 դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Հունգարիան հանել է իր վետոն, և Հայաստանը Խաղաղության եվրոպական հիմնադրամից 20 միլիոն եվրոյի աջակցություն կստանա։