Կոռուպցիան համակարգում տեղ չունի. ՊԵԿ նախագահի ուղերձը ստորաբաժանումներին

4 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների համակարգման նպատակով, հանդիպել է հարկային և մաքսային ստորաբաժանումների ղեկավար անձնակազմի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է կոռուպցիոն երևույթների դեմ իր անզիջում դիրքորոշումը և դրա դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ կոռուպցիոն որևէ դրսևորում չի մնալու անարձագանք:

«Կոռուպցիան և ստվերը չարիք են, և մենք այդ չարիքի դեմ անխնա պայքար ենք մղում», - ասել է Հակոբյանը:

Կոմիտեի նախագահը վերջին շրջանում ՊԵԿ-ում տեղի ունեցող գործընթացները համեմատել է օրգանիզմում ջերմության միջոցով կազդուրման հետ: Նրա խոսքով՝ ջերմությունը համակարգի առողջացման նշան է և այդ առողջացումն ունի խորքային պատճառներ: Պատճառներից մեկը համակարգի զգալի ձեռքբերումներն են: Նա առանձնացրել է հարկ վճարողների հետ համատեղ պետբյուջեի մուտքերի ապահովումը և ստուգումների քանակի նվազումը՝ նշելով, որ դա վկայում է վարչարարության արդյունավետության էական փոփոխության մասին։

«Պարզ է, որ նման իրավիճակում հայտնվում են մարդիկ, ովքեր փորձում են ցեխ շպրտել մեր հաջողությունների և ձեռքբերումների վրա»,– ընդգծել է Կոմիտեի ղեկավարը՝ հավելելով, որ 2025 թվականի արդյունքներով ՊԵԿ-ը բարեփոխումների ցուցանիշով առաջատար կառույցներից է։

Էդուարդ Հակոբյանը խոսել է մաքսանենգության և ստվերի խոշոր բացահայտումների մասին, որոնք, նրա խոսքով, ևս անհանգստացրել են նեղ անձնական շահերով առաջնորդվող տարբեր շրջանակների.

«Բարեփոխումների անշեղ ընթացքը որևէ մեկը չի կարող կանգնեցնել, թե համակարգի ներսում և թե դրսում», - վստահեցրել է նա՝ ընդգծելով, որ համակարգում իրավիճակն ամբողջությամբ կառավարելի է:

Կոմիտեի նախագահն իր աջակցությունն է հայտնել ստորաբաժանումներին՝ հորդորելով շարունակել մարդակենտրոն և արդար մոտեցումներով բարեփոխումների անշեղ ընթացքը: Հակոբյանն ընդգծել է, որ ՊԵԿ-ում կոռուպցիոն երևույթների բացահայտումների գերակշիռ մասն իրականացվել է համակարգի ներքին վերահսկողական մեխանիզմների կիրառման շնորհիվ, որը ևս վկայում է համակարգի առողջացման գործընթացի մասին: Հակոբյանը կարևորել է, որ յուրաքանչյուրն անհրաժեշտ կամք և վճռականություն դրսևորի կոռուպցիայի դեմ պայքարում և բարձրաձայնի նմանատիպ դեպքերի մասին:

«Ցանկացած աշխատակցի կոռուպցիոն դրսևորում իր անմիջական ղեկավարների հարցն ու պատասխանատվությունն է»,-նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով խնդիրների բացահայտմանը հետամուտ եղած, դրանց մասին բարձրաձայնած աշխատակիցներին:

Էդուարդ Հակոբյանը վերահաստատել է մի շարք սկզբունքներ, որոնք պետք է ընկած լինեն ՊԵԿ-ում ձևավորվող արժեհամակարգի հիմքում: Նրա խոսքով՝ չի հանդուրժվելու միջակությունը և հին կարծրատիպերի դրսևորումները, իսկ մարդակենտրոնությունն ու մարդկային արժեքները լինելու են առաջնային: Հակոբյանն ընդգծել է, որ Հայրենիքի զարգացմանը նվիրումը պետք է նկատվի յուրաքանչյուր գործողության մեջ, իսկ կոռուպցիոն և անօրինական ցանկացած երևույթ կստանա կոշտ արձագանք:

ՊԵԿ նախագահը հայտարարել է առաջիկայում սպասվող կադրային էական փոփոխությունների մասին՝ նշելով, որ համակարգը մինչև վերջ կանգնած է նշված սկզբունքները պահպանող աշխատակիցների կողքին.

«Սակայն, ցավոք սրտի, աստիճանաբար, մեզ պետք է լքեն դրանց համար շանս ունեցած, բայց չդրսևորած աշխատակիցները»,-զգուշացրել է կառույցի ղեկավարը:

ՊԵԿ նախագահը կարևորել է արդար և թափանցիկ հարկային և մաքսային միջավայրի ձևավորումը, հարկ վճարողների կամավոր կարգապահության խթանումը և քաղաքացիներին ու բիզնեսին՝ հանուն Հայաստանի առաջանցիկ զարգացման ծառայելը:

Հայերեն

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են հայ-շվեդական փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է

Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ

Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը

Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուբիոն հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման պատրաստակամության մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի

Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն