Կանադան մտադիր է ընդլայնել ներկայությունն Արկտիկայում՝ Գրենլանդիայի շուրջ իրադրության ֆոնին
2 րոպեի ընթերցում

Կանադան մտադիր է մեծացնել իր ներկայությունն Արկտիկայում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի հանդեպ ամերիկյան վերահսկողություն հաստատելու մասին հայտարարությունների ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտնել է Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը։
Նա նշել է, որ Արկտիկայի անվտանգությունն ու ինքնիշխանությունը միշտ եղել են Կանադայի ուշադրության կենտրոնում՝ հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմի սանձազերծումը և Ռուսաստանի ենթակառուցվածքների տեղաշարժը դեպի հյուսիս։
«Մենք այլ ընտրություն չունենք, բացի նրանից, թե ինչպես ապահովել մեր ներկայության ամրապնդումն Արկտիկայում», - ասել է Անանդը հարցազրույցում, որը տեղի է ունեցել շվեյցարական Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում։
Նա նշել է, որ Կանադան նպատակ ունի ավելացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով ՀՆԱ-ի 5 տոկոսի, ինչպես անում են ՆԱՏՕ-ի գործընկերները։
Նրա խոսքով՝ Օտտավան արդեն փետրվարին հյուպատոսություն կբացի Դանիայի ինքնավար տարածք հանդիսացող Գրենլանդիայում։ Ինչպես նշել է Անանդը, այս քայլը պատրաստվել է դեռ տարածաշրջանում լարվածության ընթացիկ սրացումից առաջ։
Անանդը նաև անդրադարձել է Թրամփի այն հայտարարություններին, թե Կանադան պետք է լինի ԱՄՆ-ի 51-րդ նահանգը։
«Կանադան երբեք չի լինի 51-րդ նահանգը։ Մենք միշտ այնպես կանենք, որ ամուր կանգնած լինենք ՆԱՏՕ-ի մեր գործընկերների կողքին», - ասել է Անանդը։